USD
379.42
EUR
441.46
RUB
4.8278
GEL
140.79
2026 թ. հունվարի 15, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-3

Անօդաչուներ կարտադրվեն Երևանի Ազատ տնտեսական գոտում

30.01.2014, 17:10
Instigate Robotics ընկերությունը կսկսի անօդաչու թռչող սարքերի արտադրությունը «Ալյանս» ազատ տնտեսական գոտու «ՌԱՕ Մարս» տարածքում, որը կառավարում է «Սիթրոնիքս Արմենիա» ՓԲԸ–ն, հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի առաջին փոխնախարար Կարինե Մինասյանը։

Անօդաչուներ կարտադրվեն Երևանի Ազատ տնտեսական գոտում

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի. /ԱՌԿԱ/. Instigate Robotics ընկերությունը կսկսի անօդաչու թռչող սարքերի արտադրությունը «Ալյանս» ազատ տնտեսական գոտու «ՌԱՕ Մարս» տարածքում, որը կառավարում է «Սիթրոնիքս Արմենիա» ՓԲԸ–ն, հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի առաջին փոխնախարար Կարինե Մինասյանը։

ՀՀ կառավարությունը նիստի ընթացքում թույլտվություն է տրամադրել Instigate Robotics ընկերությանն աշխատել Ազատ տնտեսական գոտում։

Ըստ որոշման նախագծի` Instigate Robotics–ն արդեն տիրապետում է անօդաչուների երկու մոդելների (ուսումնական (Educopter) և աէրոֆոտոնկարահանման համար (Photocopter)) արտադրության տեխնոլոգիային։

Արտադրանքն ամբողջովին արտահանվելու է Հյուսիսային Ամերիկա, ԵՄ պետություններ, նախկին ԽՍՀՄ երկրներ և Մերձավոր Արևելքի երկրներ։ Առաջիկա երեք տարում արտահանման ծավալը կկազմի 1,9 մլն դոլար։

Instigate Robotics–ը համագործակցում է դանիական ընկերություններից մեկի հետ։ Ընկերությունը նաև բանակցություններ է վարում ներդրումներ գրավելու համար` անօդաչուների կառավարման ավտոմատացված համակարգի նախագծման համար։

Ողջ արտադրության կազմակերպման համար ընկերությունը նախատեսում է գրավել 300–500 հազար դոլար օտարերկրյա գործընկերներից և 396 հազար դոլար սեփական միջոցներից։

Նախատեսվում է ստեղծել 15–25 աշխատատեղ` միջինը 500–600 հազար դրամ աշխատավարձով։ Կներգրավվեն ընկերության ուսումնական կենտրոնի և Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի կառավարման ավտոմատացված համակարգի ամբիոնի կադրերը։–0–