ՀՀ ռազմարդյունաբերական ոլորտի 11 ընկերություններ ներկայացված են Աբու Դաբիում անցկացվող IDEX 2025 աշխարհում խոշորագույն միջազգային ցուցահանդեսին

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի պատվիրակությունը մասնակցում է IDEX 2025 աշխարհում խոշորագույն միջազգային պաշտպանական համաժողովին և ցուցահանդեսին, որն անցկացվում է փետրվարի 17–21–ը Աբու Դաբիում։
Ինչպես հաղորդում է ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունը, «ՀԱՅԱՍՏԱՆ (ARMENIA)» միասնական տաղավարում ՀՀ ռազմարդյունաբերական ոլորտի 11 ընկերություններ ներկայացնելու են բարձր, տեղեկատվական, պաշտպանական և ռազմական նշանակության տեխնոլոգիաների, ինժեներական լուծումների ուղղությամբ Հայաստանի վերջին ձեռքբերումներն ու ներուժը՝ նպատակադրելով միջազգայնացնել հայկական պաշտպանական արտադրանքը։
Ցուցադրվելու են ոչ միայն արդեն պատրաստի արտադրանք ու ծրագրեր, այլև հեռանկարային նախագծեր, որոնք կարող են դյուրացնել տվյալ ոլորտներում նոր համագործակցությունների մեկնարկն ու ընդլայնումը:
Միջոցառմանը փետրվարի 16-ին նախորդել է Միջազգային պաշտպանական համաժողովը (IDC), որին Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) պաշտպանության հարցերով պետնախարար Մուհամմադ բին Մուբարաք բին Ֆադել Ալ-Մազրուեի հրավերով մասնակցել և «Ապատեղեկատվություն և ազդեցության գործառնություններ» խորագրով պանելային քննարկման շրջանակում որպես բանախոս հանդես է եկել ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը:
Ցուցահանդեսն անցկացվում է երկու տարին մեկ անգամ և հանդիսանում է աշխարհի խոշորագույն պաշտպանական ցուցահանդեսներից մեկը, որտեղ այս տարի սպասվում են շուրջ 150,000 այցելուներ։