Beeline ֆիքսված ցանցում միջքաղաքային զանգերը դարձել են անվճար
ԵՐԵՎԱՆ, հուլիսի 8. /ԱՌԿԱ/. 2015 թ. հուլիսի 1-ից Beeline ֆիքսված ցանցում միջքաղաքային զանգերը դարձել են անվճար, հաղորդում է «ԱրմենՏել» ընկերության (Beeline ապրանքանիշ) մամուլի ծառայություները։
Րոպեները ներառված են անվճար խոսելաժամանակի սահմանաչափի մեջ, որը յուրաքանչյուր ամիս հասանելի է ֆիքսված կապի «Բազային 1» և «Բազային 2» սակագնային փաթեթի բաժանորդ ֆիզիկական և իրավաբանական անձանց:
360 կամ 1600 րոպե անվճար ամսական սահմանաչափն օգտագործելուց հետո միջքաղաքային զանգերը կտարիֆիկացվեն 5 դրամ/րոպե սակագնով:
Ինչպես նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը, Beeline-ը ձգտում է ծառայությունները բաժանորդների համար դարձնել առավելագույնս մատչելի, պարզ և հարմար:
«Այժմ ֆիքսված կապի մեր բաժանորդներին յուրաքանչյուր ամիս հասանելի է 6 ժամ անվճար խոսելաժամանակ Beeline ցանցի ներսում ամբողջ Հայաստանի տարածքում, իսկ դեպի Հայաստանի և ԼՂՀ ֆիքսված կապի այլ օպերատորների հեռախոսահամարներ կատարվող զանգերի մեկ րոպեն կարժենա ընդամենը 5 դրամ: Beeline քաղաքային կապով շփվելը ձեռնտու է և հարմար», - նշել է Պյատախինը:
Անվճար րոպեներն օգտագործելուց հետո Beeline ցանցի ներսում բոլոր տեղական ելքային և միջքաղաքային զանգերի արժեքը 5 դրամ/րոպե է: Դեպի ՀՀ և ԼՂՀ ֆիքսված կապի այլ օպերատորների ցանցեր կատարվող զանգերը ևս արժեն 5 դրամ/րոպե:
«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006թ.–ի նոյեմբերի 3–ին ներառվել է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ։ –0–