Synopsys-ը Միկրոէլեկտրոնիկայի յոթերորդ միջազգային օլիմպիադա կանցկացնի Հայաստանում
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Synopsys Հայաստան ընկերությունը Միկրոէլեկտրոնիկայի յոթերորդ միջազգային օլիմպիադա կանցկացնի Հայաստանում հոկտեմբերի 4–ին, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից։
Հաղորդագրության համաձայն, առաջին անգամ միջոցառումն անցկացվելու է Էլեկտրական և էլեկտրոնային սարքերի Ճարտարագիտական ինստիտուտի (IEEE) Թեստային տեխնոլոգիաների տեխնիկական խորհուրդի (TTTC) հետ համագործակցությամբ:
«Այդ փաստը վկայում է մրցույթի աճող միջազգային հեղինակության մասին»,– նշեցին մամուլի ծառայությունից։
Օլիմպիադան նախաձեռնվել է 2006 թվականին և անցկացվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: Օլիմպիադայի հովանավորն ու գլխավոր կազմակերպիչը Սինոփսիս Արմենիա ՓԲԸ-ն է:
Օլիմպիադայի գլխավոր հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը՝ Հայաստանի առաջատար բջջային օպերատորը: Օլիմպիադայի հովանավորներն են նաև Յունիքոմփ ՓԲԸ-ն, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, Մայքրոսոֆթ ԱրԷյ-ը, Հայաստանի գործարարների (գործատուների) և արդյունաբերողների միությունը, Արմինկո ՓԲԸ-ն, Վիասֆեր տեխնոպարկը և ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ՓԲԸ-ն:
«Նախագծման և թեստավորման մարտահրավերներին ընդառաջ» թեմային համահունչ՝ Օլիմպիադայի մասնակիցները կմրցեն հետևյալ բնագավառներում՝ թվային ինտեգրալ սխեմաների նախագծում և թեստավորում, անալոգային և խառը ազդանշանային ինտեգրալ սխեմաների նախագծում և թեստավորում, կիսահաղորդչային սարքեր և տեխնոլոգիա, ինտեգրալ սխեմաների ավտոմատացված նախագծման մաթեմատիկական և ալգորիթմական ապահովում:
Առաջնորդվելով «Բացահայտել լավագույններին, խանդավառել հաջորդներին» կարգախոսով՝ Օլիմպիադայի նպատակներն են Հայաստանում և մասնակից երկրներում հայտնաբերել և խրախուսել տարածաշրջանի` մինչև 30 տարեկան առավել վառ և տաղանդավոր ճարտարագետների։
Օլիմպիադայի նպատակն է Հայաստանում և մասնակից երկրներում խթանել միկրոէլեկտրոնիկայի հետագա զարգացումը և խրախուսել տաղանդավոր ճարտարագետներին, մեծացնել երիտասարդ մասնագետների շրջանում միկրոէլեկտրոնիկայի նկատմամբ հետաքրքրությունը, բացահայտել միկրոէլեկտրոնիկայի բնագավառում երիտասարդ մասնագետների գիտելիքների մակարդակը՝ կրթական ծրագրերում անհրաժեշտ ճշգրտումներ կատարելու նպատակով, և ստեղծել միկրոէլեկտրոնիկայի ոլորտի երիտասարդ մասնագետների համայնք։
«Միկրոէլեկտրոնիկայի հայաստանյան առաջին օլիմպիադան մեկնարկել է 2006 թ.-ին` ընդգրկելով 82 մասնակից: Այդ ժամանակից ի վեր միջոցառումը վերաճել է
միջազգային մրցույթի` ներառելով բազմաթիվ մրցանակներ տարբեր անվանակարգերում և ընդգրկելով 349 մասնակից 12 երկրներից», - մամուլի ծառայությունը մեջբերում է Օլիմպիադայի կազմկոմիտեի նախագահ, Սինոփսիս Արմենիայի գլխավոր գործադիր տնօրեն և Սինոփսիսի կորպորատիվ մարքեթինգի գծով փոխնախագահ Ռիչ Գոլդմանի խոսքը:
«Այս համագործակցությունը շահավետ է թե՛ IEEE-ի, թե՛ Օլիմպիադայի, թե՛ Հայաստանի համարե, - ասել է IEEE TTTC-ի նախագահ և Սինոփսիսի գլխավոր ճարտարապետ Երվանդ Զորյանը:
«IEEE TTTC-ի համագործակցության որոշումը վկայում է վերջին վեց տարիների ընթացքում տարածաշրջանում տեխնոլոգիաների զարգացման խթանման գործում Օլիմպիադայի հաջողության մասին», - ասել է Օլիմպիադայի ծրագրային կոմիտեի նախագահ, Սինոփսիս Արմենիայի Ուսումնական դեպարտամենտի տնօրեն, ՀՀ Գիտության վաստակավոր գործիչ պրոֆ. Վազգեն Մելիքյանը:
IEEE-ին աշխարհի խոշորագույն մասնագիտական ասոցիացիան է, որի նպատակն է խթանել տեխնոլոգիական նորարարությունը` ի շահ մարդկության: Հովանավորված լինելով IEEE-ի Համակարգչային հասարակության (Computer Society) կողմից՝ Թեստային տեխնոլոգիաների տեխնիկական խորհուրդը (TTTC) ծառայում է համաշխարհային թեստային տեխնոլոգիաների մասնագիտական համայնքին՝ կազմակերպելով մի շարք ամենամյա գիտաժողովներ, ապահովելով տեխնոլոգիական ստանդարտներ և տպագրելով հրատարակություններ, ինչպես նաև ծավալելով մասնագիտական ու կրթական գործունեություն:
Synopsys Inc ընկերությունը հայկական շուկա է մտել 2004 թվականի հոկտեմբերին` Leda Design և Monterey Arset ընկերությունների` մեկ ընդհանուր Synopsys Armenia ԲԲԸ–ում միաձուլվելու մասին պայմանագրի ստորագրումից հետո։
Synopsys–ն իր գրասենյակներն ունի աշխարհի 60 երկրում, Հյուսիսային Ամերիկայում, Եվրոպայում, Ճապոնիայում, Ասիայում, իսկ գլխամասային գրասենյակը գտնվում է Կալիֆորնիայում (ԱՄՆ)։
telecom.arka.am հեռահաղորդակցային պորտալը Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի մշտական տեղեկատվական հովանավորն է։
-0-