USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+1

Yahoo!-ն հայտնել է 500 մլն օգտատերերի տվյալների հափշտակման մասին

23.09.2016, 15:19
Ամերիկյան Yahoo! Ընկերությունը հայտնել է, որ 2014 թվականի ցանցահենային խոշոր գրոհի հետևանքով հափշտակվել է ոչ պակաս քան 500 մլն օգտատերերի անձնական տվյալներ, հայտնում է Ինտերֆաքսը։
Yahoo!-ն հայտնել է 500 մլն օգտատերերի տվյալների հափշտակման մասին

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Ամերիկյան Yahoo! Ընկերությունը հայտնել է, որ 2014 թվականի ցանցահենային խոշոր գրոհի հետևանքով հափշտակվել է ոչ պակաս քան 500 մլն օգտատերերի անձնական տվյալներ, հայտնում է Ինտերֆաքսը։

Դա վերաբերում է անունների, էլեկտրոնային փոստի հասցեների, հեռախոսների համարների, ծածկագրված գաղտնաբառերի, ինչպես նաև «չծածկագրված գաղտնի հարցերի և դրանց պատասխանների» մասին տեղեկությանը, հայտնել է ինտերնետ ընկերության մամուլի ծառայությունը։ Վարկային քարտերի մասին տվյալների հասանելիություն հաքերները չեն ստացել։

Yahoo–ում ենթադրում են, որ հաքերներն օգտվել են ինչ–որ պետության օժանդակությունից։

Սա պատմության խոշորագույն կիբեռգրոհն է, որի մասին հայտարարվել է հրապարակայնորեն։ ԴԲՀ–ն հաստատել է, որ զբաղվում է գրոհի քննությամբ։

Yahoo–ի օգտատերերի տվյալների հափշտակման մասին առաջին տեղեկությունները հայտնվել են 2016 թվականի ամռանը։ Դա տեղի է ունեցել նրանից հետո, երբ ցանցահենը համացանցում առաջարկ է տեղադրել օգտագործողների գրառումների հասանելիությունը վաճառելու մասին։

Yahoo–ն բոլոր օգտատերերին խորհուրդ է տալիս փոխել գաղտնաբառերը, եթե չեն արել դա 2014 թվականից ի վեր։ 

Yahoo–ն այս տարվա հուլիսին վաճառվել է Verizon ամերիկյան հեռահաղորդակցային հսկային 4.8 մլրդ դոլարով։

Verizon–ի ներկայացուցիչները BBC–ին հայտնել են, որ իմացել են գրոհի մասին «վերջին երկու օրվա» ընթացքում, բայց ավելացրել են, որ հետաքննությունը շարունակվում է և մինչև դրա ավարտը Yahoo–ի նոր սեփականատերն իրավիճակը չի մեկնաբանի։  -0-