ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը «Տարվա լավագույն ապրանքանիշ» 2012թ.-ի ազգային մրցանակաբաշխության դափնեկիր է դարձել
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը «Լավագույն գործատու» է ճանաչվել «Տարվա լավագույն հանրային ծառայող և տարվա լավագույն ապրանքանիշ» 2012 թվականի ազգային մրցանակաբաշխության ժամանակ, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին ընկերության մամուլի ծառայությունից:
Հաղթողը որոշվել է «Համազգային վստահություն» խորհրդի կողմից անցկացրած հարցման ընթացքում: Հարցումն անցկացվել է Երևանի, Գյումրիի, Վանաձորի և Հայաստանի մյուս քաղաքների 1000-1600 ընտանիքների շրջանում՝ 50 հազար հոգին գերազանցող բնակչությամբ:
«ՎիվաՍել-ՄՏՍ-ի բիզնեսն, ի սկզբանե, կառավարվում է երկրի տնտեսության զարգացմանը նպաստելու տրամաբանությամբ: Մենք վստահ ենք, որ իրական ուժը գործի հանդեպ նվիրումն ու հավատարմությունն է: Իսկ այդ նվիրումը գնահատելու իրավունքը հասարակությանն է: Շնորհակալ ենք վստահության համար»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
ՎիվաՍել-ՄՏՍ (Ղ-Տելեկոմ) ընկերությունը հայկական շուկայում աշխատում է 2005 թվականից: Ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է Ռուսաստանի և ԱՊՀ բջջային կապի խոշորագույն օպերատոր «Մոբիլնիե Տելեսիստեմի» ԲԲԸ-ին, մնացած 20 տոկոսը պատկանում է լիբանանյան Fattouch Group ներդրումային խմբին: --0--