VivaCell-MTS-ն օն-լայն տեսակապ կապահովի փրկարարների և ՀՀ ԱԻՆ-ի ՃԿԿ-ի միջև
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի. /ԱՌԿԱ/. VivaCell-MTS հեռահաղորդակցական օպերատորի հետ ՀՀ ԱԻՆ-ի համագործակցության շրջանակում հրշեջ-փրկարարները մշտական օն-լայն տեսակապով կապահովվեն ՀՀ ԱԻՆ-ի Ճգնաժամային կառավարման կենտրոնի հետ, երեքշաբթի լրագրողներին հայտարարեց ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը:
Նրա խոսքերով՝ VivaCell-MTS-ը ԱԻՆ-ին տրամադրել է գերժամանակակից բջջային 100 հեռախոս (փոխանցման բարձր արագություն և որակյալ տեսանկարահանում ապահովող Alcatel One Touch C5 սմարթֆոն):
«Բջջայինները կօգտագործվեն դեպքի վայրից ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոն տեսապատկերային օպերատիվ տվյալներ փոխանցելու համար», - պարզաբանեց նա:
Երիցյանի խոսքերով՝ դեպքի վայր ժամանելուն պես փրկարարական խմբի անդամներից մեկն իրականացնում է դեպքի համակողմանի նկարահանում, որն իրական ժամանակի ռեժիմով VivaCell-MTS -ի 2G, 3G և 3.75G/HSPA ցանցերի միջոցով փոխանցվում է ԱԻՆ ՃԿԿ:
«Օպերատիվ տեսակապի հաստատումը ՃԿԿ-ում ներկա գտնվող համապատասխան մասնագետներին թույլ է տալիս «գտնվել» դեպքի վայրում: Իրավիճակի և փրկարարական գործողությունների ամբողջական պատկեր ստանալու հնարավորությունն օգնում է իրավիճակի ճշգրիտ գնահատման, փրկարարական ջոկատի աշխատանքների արդյունավետ համակարգման, անհրաժեշտության դեպքում՝ ուղղորդելու, լրացուցիչ ռեսուրսներ ներգրավելու և այլ օպերատիվ որոշումներ կայացնելու գործում», - ավելացել է նա:
Նախարարը նշել է, որ ներդրված նոր համակարգը թույլ է տալիս նաև արխիվացնել դեպքի վայրից ստացված տեսանյութերը ՃԿԿ-ում գտնվող հատուկ սերվերում՝ իրականացված փրկարարական գործողությունները հետագայում համակողմանիորեն վերլուծելու, թիմային և անհատական ջանքերին փորձագիտական գնահատական տալու համար:
«Արխիվացված նյութերը կօգտագործվեն նաև ուսուցողական նպատակներով, ինչպես նաև կունենան ապացուցողական նշանակություն», - ընդգծել է նա:
VivaCell-MTS ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն իր հերթին նշել է, որ իր գլխավորած ընկերությունն այդ նպատակներով անվճար տրամադրել է Հայաստանի ամենալայն ռադիոծածկույթը՝ VivaCell-MTS-ի 2G, 3G և 3.75G/HSPA ցանցերը:
«VivaCell-MTS-ն աջակցում է ԱԻՆ-ին արտակարգ իրավիճակների օպերատիվ արձագանքման ազգային համակարգի արդիականացման գործում: Բազմիցս ապացուցվել է, որ արտակարգ դեպքերում օպերատիվ արձագանքման արդյունավետ համակարգի առկայությունը կարող է էապես նվազեցնել և անգամ կանխել բացասական հետևանքները», - ասել է Յիրիկյանը:
VivaCell-MTS (Ղ-Տելեկոմ) ընկերությունը հայկական շուկայում գործում է 2005 թվականից: Ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է Ռուսաստանի և ԱՊՀ բջջային կապի խոշորագույն օպերատոր «Մոբիլնիե Տելեսիստեմի» ԲԲԸ-ին, մնացած 20 տոկոսը պատկանում է լիբանանյան Fattouch Group ներդրումային խմբին:-0-