VivaCell-MTS–ը լուսավորել է Բերդավան համայնքի հիմնական փողոցները
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ն ապահովել են Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի արտաքին լուսավորության ենթակառուցվածքը, հայտնում է ընկերության մամուլի ծառաությունը։
Կողմերն իրականացրել են արտաքին լուսավորության համակարգի կառուցման երկու ծրագիր, որի արդյունքում լուսավորվել են համայնքի հիմնական փողոցները, գյուղի սահմանային եզրը, դեպի մանկապարտեզ, դպրոց և համայնքային նշանակության այլ կառույցներ տանող փողոցները:
Դեռևս 2016թ.-ի աշնանը Բերդավանում տեղակայվել էր 175 LED լուսարձակ՝ լուսավորելով 5425մ երկարությամբ տարածք։ Ընթացիկ տարում, ծրագրի երկրորդ փուլով, էներգախնայող արտաքին լուսավորության LED լուսարձակների թիվն ավելացել է ևս 27-ով, ինչի արդյունքում լուսավորվել է հիմնական փողոցներից մնացած 900մ-ը: Երկու ծրագրի արդյունքում ընդհանուր առմամբ տեղակայվել է 202 LED լուսարձակ, լուսավորվել 6325մ տարածություն:
«Երկրի սահմաններն ամուր պահող գյուղացին թիկունք է մեզ համար: Կարևոր է, որ նա ունենա փոխադարձության զգացողությունը: Իր խնդիրների մեջ մեկուսանալը կթուլացնի հողի մշակին: Իսկ երբ իրականացվեն կարևոր, երկարաժամկետ արդյունք ենթադրող ծրագրեր, մեր հայրենակիցները կզգան, որ իրենք մենակ չեն, և որ մենք էլ թիկունք ենք իրենց համար: Եթե ցանկանում ենք կառուցել հզոր երկիր, պարտավոր ենք հիշել ամենակարևորի մասին. անհրաժեշտ է լինել միասնական: Դա բոլորովին բարդ չէ»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Բերդավանի փողոցները կլուսավորվեն ամռանը 21:00-ից մինչև 02:00, իսկ ձմռանը՝ 18:00-ից մինչև 01:00: Տոնական օրերին լուսավորություն կապահովվի նաև ամբողջ գիշեր:
VivaCell-MTS (Ղ-Տելեկոմ) ընկերությունը հայկական շուկայում գործում է 2005 թվականից: Ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է Ռուսաստանի և ԱՊՀ բջջային կապի խոշորագույն օպերատոր «Մոբիլնիե Տելեսիստեմի» ԲԲԸ-ին, մնացած 20 տոկոսը պատկանում է լիբանանյան Fattouch Group ներդրումային խմբին։ -0-