VivaCell-MTS-ը պարտավորվում է գործարկել հայերենով SMS հաղորդագրություններ ուղարկելու ծառայությունը
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի. /ԱՌԿԱ/. VivaCell-MTS հեռահաղորդակցական ընկերությունը պարտավորվում է սեղմ ժամկետներում գործարկել հայերենով SMS հաղորդագրություններ ուղարկելու ծառայությունը, «ԱՌԿԱ» գործակալությանն ասել է ընկերության մամուլի քարտուղար Վահե Իսահակյանը:
«Այսօր մեզ առաջին հերթին հարկավոր է բջջային հեռախոսներն ապահովել հայկական տառատեսակով, որպեսզի հնարավոր լինի կարճ հաղորդագրություններ ուղարկել նաև հայերենով», - նշել է նա:
Ընկերության մամուլի քարտուղարի խոսքերով՝ շարժական սարքավորումների ծրագրային ապահովման մեջ հայկական տառատեսակ ներառելու նպատակով Հայաստանը պետք է համապատասխան հայտ ներկայացնի GSM ասոցիացիա (GSMA), որն արտադրող ընկերությունների հետ կզբաղվի այդ հարցերի լուծմամբ:
«Այս ամենի արդյունքում Հայաստան ներկրվող բջջային հեռախոսները հնարավորություն կունենան SMS հաղորդագրություն ուղարկել հայերենով, իսկ VivaCell-MTS-ն իր հերթին պարտավորվում է Կարճ հաղորդագրությունների իր կենտրոնն արագորեն վերազինել համապատասխան ծրագրային ապահովմամբ», - ասել է Իսահակյանը:
Նախորդ հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է հայերենով SMS հաղորդագրություններ ուղարկելու հնարավորությունների մշակման անհրաժեշտությունը:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Ռոբերտ Նազարյանն իր հերթին նշել է, որ Հայաստանի երեք բջջային օպերատորների («ԱրմենՏել», Orange Armenia և VivaCell-MTS) հետ արդեն քննարկումներ են անցկացվել և լուծումներ են գտնվել: Հանձնաժողովը նախագահը նշել է, որ հանձնաժողովը 15 օրվա ընթացքում կառավարությանը կներկայացնի բջջային հեռախոսներից SMS-ներ ուղարկելու համար հայկական տառատեսակների տեղադրման և ճանաչման առաջարկությունները:
ՀԾԿՀ-ի տվյալներով՝ Հայաստանում այսօր գոյություն ունեն հայերեն տառատեսակը ճանաչող և հայերեն հաղորդագրություն ուղարկող բջջային հեռախոսներ, բայց դրանց թիվը շուկայում չի գերազանցում 1-2 տոկոսը:
GSM ասոցիացիան (GSMA) համաշխարհային ոլորտային ասոցիացիա է, որն աշխարհի 218 երկրներում միավորում է ավելի քան 750 բջջային օպերատորների: Ասոցիացիայի անդամները սպասարկում են ավելի քան 3 մլրդ հաճախորդի
GSM և 3G ստանդարտներով, ինչը կազմում է աշխարհում բջջային հեռախոսներից օգտվող բոլոր մարդկանց ավելի քան 86 տոկոսը: Բացի այդ, ավելի քան 200 արտադրողներ և մատակարարներ աջակցում են ասոցիացիայի նախաձեռնություններին՝ որպես նրա առանցքային գործընկերներ:
GSMA-ի հիմնական նպատակներն են ապահովել երկրագնդի ցանկացած կետում բջջային հեռախոսների օգտագործման և անլար կապի ծառայությունների հնարավորությունները, ապահովել դրանց նկատմամբ հասանելիություն, բարձրացնել դրանց արժեքն անհատական հաճախորդների և ազգային տնտեսությունների համար, ինչպես նաև կոմերցիոն նոր հնարավորություններ տրամադրել օպերատորներին և նրանց մատակարարներին:
VivaCell-MTS (Ղ-Տելեկոմ) ընկերությունը հայկական շուկայում աշխատում է 2005 թվականից: Ընկերության բաժնետոմսերի 80տոկոսը պատկանում է Ռուսաստանի և ԱՊՀ բջջային կապի խոշորագույն օպերատոր «Մոբիլնիե Տելեսիստեմիե ԲԲԸ-ին, մնացած 20տոկոսը պատկանում է լիբանանյան Fattouch Group ներդրումային խմբին: -0-