VivaCell-MTS–ն ու «Ֆուլեր տնաշինական կենտրոնը» մինչև տարեվերջ բնակարանով կապահովեն Կոթիու բնակվող ընտանիքներից մեկին
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Կոթիում բնակվող Բեջանյանների ընտանիքը մինչև տարեվերջ կազատվի երկաթյա վագոն-տնակից ու դրա հետ կապված ծանր հիշողություններից: Իսկ դրանք բավականին շատ են և տխուր: 55-ամյա Բաբկենի կյանքի մեծ մասը մետաղյա վագոնում է անցել: Երեք զավակների ու կնոջ հետ ստիպված է եղել դիմանալ ոչ միայն կացարանի անհարմարությանը, այլև հակառակորդի՝ տարիներ շարունակ չփոխվող ձեռագրին՝ հրետակոծությանը: Դրանցից ժամանակին հրաշքով է փրկվել օրորոցում պառկած մանկահասակ աղջիկը, ով հայրական տուն համարվող երկաթյա կացարանին հրաժեշտ է տվել ամուսնանալուց հետո միայն:
Սահմանապահ Կոթիում կրակոցների ձայնը, ցավոք սովորական է դարձել: Բեջանյանների վագոն-տնակի մետաղյա պատերին բացված բազմաթիվ անցքերն այդ ամենի լուռ վավերագրողն են եղել: Ընտանիքի մայրը՝ Նունեն, կրած ապրումների և ծանր հոգսերի դիմաց հատուցել է առողջության կորստով: Այժմ փոքր-ինչ հանգիստ է Հայաստանից դուրս բնակվող դստեր համար, բայց կարոտում է նրան: Որդիներին՝ 30-ամյա Գարիկին և գրեթե հասակակից Գուրգենին ուզում է տեսնել հոր կողքին՝ ամուր թիկունք դարձած, նոր ընտանիք կազմավորած, բայց՝ ապահով տանիքի տակ: Նրանց ամուսնության հարցն անգամ չի քննարկվում՝ պայմանների բացակայության պատճառով:
Բեջանյանների ապրուստի միջոցը հողագործությունն է, սակայն հակառակորդի նշանառության տակ այն ոչ միայն վտանգավոր է, այլև եկամտաբեր չէ: Տուն կառուցելու միտքն ընտանիքի հորը հանգիստ չի թողել, սակայն նրան չի հաջողվել գոնե մասամբ լուծել խնդիրը: Երազանքը մեկն է. քարե տուն ունենալը:
«Կյանքիս մեծ մասն անցել է…երկաթե վագոնում հանգիստ քնել չեմ կարողացել: Ուզում եմ, որ տղաներս չանցնեն էդ ամենի միջով և երբ ամուսնանան, մտածեն ոչ թե հոգսերի կամ երկրից հեռանալու, այլ զավակներ ունենալու և գյուղը շենացնելու մասին: Չգիտեմ ինչու, բայց մտածում եմ, որ մի բարի դուռ էլ մեզ համար կբացվի»,- ասել է ընտանիքի հայրը՝ Բաբկենը:
Բեջանյանների ընտանիքին աջակցելու պատրաստակամություն են հայտնել բնակարանաշինության ծրագրով ավելի քան տասնամյա գործընկեր դարձած կազմակերպությունները՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնը»: Կողմերն սկսել են քայլեր ձեռնարկել՝ մինչև տարեվերջ Բեջանյանների երազանքն իրականացնելու ուղղությամբ:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը («ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ) Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով:–0–