VivaCell-MTS–ի ղեկավարն արժանացել է «Նարեկացի» մեդալի մշակույթի ոլորտին աջակցելու համար
Ինչպես միջոցառման ժամանակ նշեց նախարար Պողոսյանը, Մշակույթի նախարարության հետ ընկերության համագործակցությունը տևում է ավելի քան 10 տարի, և այդ ընթացքում VivaCell-MTS–ը հսկայական աջակցություն է ցուցաբերել մշակութային տարբեր միջոցառումների իրականացման գործում։
«Ընկերության ջանքերի շնորհիվ հաջողվել է իրականացնել բազմաթիվ նախագծեր` փառատոններ, համերգներ, օպերային բեմադրություններ, բալետի ներկայացումներ, մանկական ծրագրեր։ Ընկերությունը սատարել է գրքերի հրատարակման և հայկական ժառանգության թվայնացման գործում», – ասաց Պողոսյանը։
Նա նաև նշեց, որ ընկերության աջակցությամբ ոչ միայն թվայնացվել է ազգային ռադիոյի արխիվը, այլ նաև պատրաստվում է հայկական ազգային գործիքների ցուցադրություն, որը կներկայացվի մինչև տարեվերջ։
Նախարարն ընդգծեց, որ հենց նման բարերարների շնորհիվ է զարգանում Հայաստանի մշակութային ոլորտը։ Նա նաև կոչ արեց այլ ձեռներեցներին ևս ակտիվ լինել մշակույթի ոլորտին աջակցելու հարցում։
VivaCell-MTS–ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն իր հերթին նշեց, որ նախարարության հետ համագործակցության տասը տարվա ընթացքում իրականացվել են բազմաթիվ ծրագրեր, և ընկերությունը շարունակելու է աջակցել մշակույթի ոլորտին։
Նա նշեց, որ տասը տարվա ընթացքում ընկերությունը հատկացրել է 23,6 մլրդ դրամ սոցիալական–կորպորատիվ պատասխանատվության ծրագրերի իրականացմանը, որից մշակույթի ոլորտին է տրամադրվել բոլոր ծախսերի մոտ 25 տոկոսը` շուրջ 8 մլրդ դրամ։ Միայն 2015 թ.–ին ընկերությունը հատկացրել է 2,5 մլրդ դրամ սոցիալական–կորպորատիվ պատասխանատվության ծրագրերին, որից շուրջ 900 հազար դրամն ուղղվել է մշակույթի ոլորտ։
«Մշակույթը մեր ինքնության հիմքն է, որն անհրաժեշտ է ոչ միայն պահպանել, այլ նաև ամրապնդել, քանի որ այն քաղաքակիրթ զարգացման մեծ բեռ է կրում։ Հասարակության զարգացման համար առաջին հերթին հարկավոր է ուշադրություն դարձնել մշակույթին», – ասաց Յիրիկյանը։
VivaCell-MTS (Ղ-Տելեկոմ) ընկերությունը հայկական շուկայում գործում է 2005 թվականից: Ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է Ռուսաստանի և ԱՊՀ բջջային կապի խոշորագույն օպերատոր «Մոբիլնիե Տելեսիստեմի» ԲԲԸ-ին, մնացած 20 տոկոսը պատկանում է լիբանանյան Fattouch Group ներդրումային խմբին:-0-