VivaCell-MTS–ի 2G և 3G ցանցերի ծածկույթն ընդգրկում է Հայաստանի բնակչության ավելի քան 99%-ը
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի. /ԱՌԿԱ/. VivaCell-MTS–ի 2G և 3G ցանցերի ծածկույթն ընդգրկում է Հայաստանի բնակչության ավելի քան 99%-ը, տեղեկացրեցին ընկերության մամուլի ծառայությունից։
Ընկերությունից նշեցին, որ VivaCell-MTS–ը 143 նոր բազային կայան է տեղադրել հանրապետության ամբողջ տարածքում` հասցնելով դրանց թիվը 1055–ի։
«Ընկերությունը 2013 թվականին Հայաստանի տարածքում իրականացրել է բջջային ցանցի ընդլայնման և վերազինման աշխատանքներ: Ընկերությունը հզորացրել է ցանցի թողունակությունը՝ տվյալների փոխանցման ավելի բարձր արագություն և ձայնային ծառայությունների ավելի բարձր որակ ապահովելու նպատակով՝ հաշվի առնելով նաև առաջիկա տարիներին վերը նշված ծառայությունների սպառման ծավալների ակնկալվող աճը։ Ցանցի վերազինումը թույլ կտա շարունակել նորարական տեխնոլոգիական լուծումների ներդրումը՝ բնակչությանն առավել արդիական և հարմարավետ ծառայություններ մատուցելու նպատակով», – տեղեկացրեցին VivaCell-MTS–ից։
Անցկացված արդիականացման շնորհիվ Հայաստանի բնակչության 87 տոկոսը կարող է օգտվել 42,2 մեգաբիթ/ վրկ արագությամբ ծառայություններից։
VivaCell-MTS (Ղ-Տելեկոմ) ընկերությունը հայկական շուկայում գործում է 2005 թվականից: Ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է Ռուսաստանի և ԱՊՀ բջջային կապի խոշորագույն օպերատոր «Մոբիլնիե Տելեսիստեմի» ԲԲԸ-ին, մնացած 20 տոկոսը պատկանում է լիբանանյան Fattouch Group ներդրումային խմբին: –0–