USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+6

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ ևս 42 LED լուսարձակ է տեղադրվել Զառիթափում

14.06.2019, 13:53
ՎիվաՍել-ՄՏՍ-ը ևՎայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) շարունակում են հեռավոր մարզերում կարևոր խնդիր լուծելու պատասխանատու գործընկերությունը:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ ևս 42 LED լուսարձակ է տեղադրվել Զառիթափում

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի. /ԱՌԿԱ/. ՎիվաՍել-ՄՏՍ-ը ևՎայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) շարունակում են հեռավոր մարզերում կարևոր խնդիր լուծելու պատասխանատու գործընկերությունը:

Ինչպես հայտնում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամուլի ծառայությունը, Հայաստանում էկոգյուղերի ցանցի զարգացման ծրագրի շրջանակում, հերթական խնդիրն է լուծվել. Վայոց Ձորի Զառիթափ համայնքի նույնանուն գյուղն ապահովվել է արտաքին լուսավորության էներգախնայող համակարգով։  Ծրագիրն իրականացվել է երկու փուլով:

2017թ.-ին, կողմերի գործակցությամբ՝ տեղակայվել է 41 LED լուսարձակով արտաքին լուսավորության համակարգ: Դրա արդյունքում, լուսավորվել է 1500 մետր երկարությամբ տարածք: Ծրագրի երկրորդ փուլով ևս 42 LED լուսարձակ է տեղադրվել՝ կրկնապատկելով լուսավորված տարածքը: Ընդհանուր առմամբ, երկամյա ծրագրերի արդյունքում, լուսավորվել է Զառիթափ գյուղի փողոցների զգալի մասը՝ շուրջ 3000 մետր երկարությամբ տարածք: Տեղակայվել է լուսադիոդային 83 լուսարձակ:

Էներգախնայող համակարգի գործարկմանը մասնակցել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Զառիթափ համայնքի ղեկավար Սիմոն Բաբայանը և համայնքի բնակիչներ:

«Միշտ կարևոր ենք համարել այն ծրագրերը, որոնց հիմքում երկարաժամկետ արդյունավետությունն է: Հատկապես սահմանամերձ գյուղերում կա դրա անհրաժեշտությունը: Թվում է, թե սրանով լուծվել է ուղղակի արտաքին լուսավորության խնդիր, սակայն օգուտներն ավելին են ու իրենց զգացնել են տալու թե՛ այժմ, թե՛ տարիներ անց: Սա համայնքի համեստ բյուջեն առավել արդյունավետորեն կառավարելու հնարավորություն է. էներգախնայող համակարգի գործարկումից տնտեսված միջոցները կարող են կարևոր այլ նպատակի ծառայել: Դե իսկ բնապահպանական օգուտների, համայնքային կյանքի աշխուժացման և մեր հայրենակիցներին հոգեբանորեն աջակցելու մասին բազմիցս ենք խոսել: Ուրախ եմ լուսավորված հերթական բնակավայրի հաջողության համար», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Հայաստանի տարբեր բնակավայրերում ենթակառուցվածքների զարգացումը թիրախավորած գործընկերները չափազանց կարևոր են համարում բնության պահպանության գործում նորագույն տեխնոլոգիաների կիրառումը. դա նպաստում է ոչ միայն շրջակա միջավայրի պահպանությանը, այլև բարձրացնում է էներգախնայողության արդյունավետությունն ու նպաստում համայնքային զարգացմանը:

Ի տարբերություն այլ լամպերի, LED լամպերն առավել արդյունավետ ու դիմացկուն են, կարող են անհամեմատ ավելի երկար ծառայել՝ սպառելով 80%-ով պակաս էլեկտրաէներգիա:

Զառիթափի փողոցներն ամռանը կլուսավորեն 21:00-ից մինչև 01:00, իսկ ձմռանը՝ 18:00-ից մինչև 23:00: Տոնական օրերին լուսավորությունը կապահովվի ամբողջ գիշեր:

Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» բարեգործական հասարակական կազմակերպություն է, որն աջակցում է Հայաստանի և Արցախի հանրապետություններում ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին կառուցել և վերանորոգել պարզ, հարմարավետ և մատչելի տներ՝ տալով նրանց երկարաժամկետ, անտոկոս փոխառություններ, ինչպես նաև իրականացնում է տնազոhւրկների շահերի պաշտպանություն՝ դարձնելով այն խղճի հարց և գործելու մղում։ Ամենամսյա ետվճարներից կազմվում է շրջանառու ֆոնդ և օգտագործվում այլ ընտանիքներին աջակցելու նպատակով՝ այսպիսով դառնալով համայնքային զարգացման կայուն ֆինանսական հիմք։ Առ այսօր կազմակերպությունն աջակցել է մոտ 700 ընտանիքների:Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել՝ www.fcharmenia.org կամ գրել fcarmenia@fcharmenia.org էլ հասցեին:–0–