USD
381.46
EUR
449.97
RUB
4.8446
GEL
141.54
2025 թ. դեկտեմբերի 24, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

Viva-ի 80 միլիոն ԱՄՆ դոլար ծավալով պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխված են

12.07.2025, 23:01
«Վիվա Արմենիա» ՓԲ ընկերության` 80 միլիոն ԱՄՆ դոլար անվանական ծավալով  պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխված են
Viva-ի 80 միլիոն ԱՄՆ դոլար ծավալով պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխված են

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի․/ԱՌԿԱ/․ «Վիվա Արմենիա» ՓԲ ընկերության` 80 միլիոն ԱՄՆ դոլար անվանական ծավալով պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխված են, հաղորդում է Viva ընկերության մամուլի ծառայությունը։ 

Յուրաքանչյուրը 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով պարտատոմսերի արժեկտրոնային տարեկան տոկոսադրույքը 7,65% է, շրջանառության ժամկետը՝ 36 ամիս։ Պարտատոմսերի տեղաբաշխողն Ամերիաբանկն էր։ 

Այսպիսով, Viva-ն դարձել է Հայաստանի կապիտալի տեղական շուկայում մինչ օրս ամենամեծ ծավալով արտարժութային պարտատոմսեր թողարկած ընկերությունը։ 

«Սա մեծ նվաճում է Viva-ի համար, քանի որ ցույց է տալիս հանրության մեծ վստահությունը և դրական վերաբերմունքը մեր ընկերության նկատմամբ։ Այն ամուր հիմք է ստեղծում ընկերության հետագա զարգացման և մեր հավակնոտ ծրագրերի իրականացման համար։ Սա կարևոր քայլ է, որը կօգնի ոչ միայն ամրապնդել մեր դիրքերը շուկայում, այլև ընդլայնել առաջարկվող ծառայությունների թիվն ու բարելավել հաճախորդների գոհունակությունը», - նշել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը։ 

«Ուրախ ենք, որ հայկական կապիտալի շուկայի համար հերթական կարևոր նախագիծը հաջողությամբ իրականացվեց։ Վստահ եմ, որ այն, լինելով ամենախոշորն արտարժութային պարտատոմսերի շուկայում, իր կարևորագույն տեղն է ունենալու մեր երկրի կապիտալի շուկայի զարգացման գործում: Կարևորելով կապիտալի շուկայի դերը երկրի տնտեսության առաջընթացում` Ամերիան հետևողականորեն աշխատում է այս ուղղությամբ, և պատահական չէ, որ վերջին 2 տարիներին մեր շուկայում թողարկված կորպորատիվ արժեթղթերի ընդհանուր ծավալի շուրջ 50%-ի տեղաբաշխումը կատարվել է Ամերիաբանկի կողմից: Նման խոշոր յուրաքանչյուր թողարկում ևս մեկ քայլ է դեպի զարգացած կապիտալի շուկա»,- նշել է Ամերիաբանկի տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը։ 

Թվով 800 000 պարտատոմսերը ձեռք են բերել հարյուրավոր ֆիզիկական անձինք և ինստիտուցիոնալ ներդրողներ։ 

Առաջնային տեղաբաշխումից հետո պարտատոմսերը կցուցակվեն Հայաստանի ֆոնդային բորսայում, ինչից հետո հնարավոր կլինի դրանք գնել կամ վաճառել երկրորդային շուկայում։