ՎիվաՍել-ՄՏՍ–ի մասնակցությամբ սահմանամերձ Գոմքն արտաքին լուսավորություն է ստացել
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի. /ԱՌԿԱ/. Նախիջևանի սահմանից մոտ 7 կմ հեռավորության վրա գտնվող Գոմքն ապահովվել է արտաքին լուսավորությամբ: Այս մասին հայտնում է ՎիվաՍել-ՄՏՍ–ի մամուլի ծառայությունը։
Ենթակառուցվածքների խնդիրն այստեղ եղել է տարիներ շարունակ` ԽՍՀՄ-ի փլուզումից հետո: Այժմ Գոմքը համալրել է էներգախնայող համակարգով լուսավորվող գյուղերի ցանկը:
Դրանում իրենց լուրջ ներդրումն ու ծրագիրն են իրականացրել գործընկեր կառույցները՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC): Ինչպես Հայաստանի հեռավոր, սահմանամերձ տարբեր գյուղերում, այստեղ ևս` ծրագիրն իրականացվել է փուլային սկզբունքով. սկզբում լուսավորվել են հիմնական, ապա՝ երկրորդական փողոցները:
Դեռևս 2015թ.-ին, «Այլընտրանքային էներգիա» նախագծի շրջանակում, գործակցող կողմերին հաջողվել է տեղակայել 37 LED լուսարձակով ապահովված արտաքին լուսավորության համակարգ: Ծրագրի երկրորդ փուլով, այժմ արդեն՝ դրանց թիվն ավելացել է ևս 34-ով: Ընդհանուր առմամբ, Գոմքում լուսավորվել է 2650 մետր տարածություն, որից 1300 մ՝ նախորդ ամռանը մեկնարկած աշխատանքներից հետո:
Համակարգի գործարկմանը մասնակցել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Զառիթափ համայնքի ղեկավար Սիմոն Բաբայանը, Գոմքի վարչական ղեկավար Մխիթար Հովհաննիսյանը և համայնքի բնակիչներ:
«Աշխարհն ապրում է տեխնոլոգիաների զարգացման այնպիսի ժամանակաշրջանում, երբ ամեն օր մշակվում են մարդու կյանքն ու կենցաղը հեշտացնող լուծումներ: Եվ նման հնարավորությունների դարում, թվում է՝ չպետք է լինի, ասենք, փողոցների լուսավորության խնդիր: Մինչդեռ այն կա և հաճախ՝ սահմանամերձ գյուղերում: Արդեն 5 տարի՝ սկսած 2014 թվականից, գործընկեր կառույցի հետ, համատեղ ծրագիր ենք իրականացնում, գիտակցելով, որ լուսավորված փողոց ունենալը չպետք է լինի քաղաքի մենաշնորհ: Աստիճանաբար կրճատում ենք խավարի մեջ կորած փողոցների քանակն ու սահմանապահ գյուղում բնակվողին լույսի հետ վերադարձնում լավ ապագայի հավատը: Այս ծրագրի հիմքում կա նաև սոցիալական աջակցության բաղադրիչ, ինչը ևս անչափ կարևոր է: Ուրախ եմ արձանագրել, որ հաջորդական փուլերով, մեզ հաջողվեց այս գյուղում ևս իրականություն դարձնել ժամանակակից լուծումներով հագեցած, ծախսերի կրճատում երաշխավորող համակարգի գործարկումը», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Արտաքին լուսավորության համակարգի գործարկումը կնպաստի համայնքային կյանքի աշխուժացմանը: Գոմքը հարմար բնակավայր է նաև էկո-զբոսաշրջություն զարգացնելու համար: Այդ ուղղությամբ ևս, այստեղ ակտիվ աշխատանք է տարվում:
Ի տարբերություն այլ լամպերի, LED լամպերն առավել արդյունավետ ու դիմացկուն են, կարող են անհամեմատ ավելի երկար ծառայել՝ սպառելով 80%-ով պակաս էլեկտրաէներգիա:
Գոմքի փողոցներն ամռանը կլուսավորեն 21:00-ից մինչև 01:00, իսկ ձմռանը՝ 18:00-ից մինչև 23:00: Տոնական օրերին լուսավորությունը կապահովվի նաև ամբողջ գիշեր:
«Էկոգյուղերի ցանց» ծրագրի մասին
էկոգյուղերի ցանցը ներառում է գյուղեր Հայաստանի ամբողջ տարածքից, որտեղ տեղական մասնակցային գործընթացների միջոցով սոցիալական, մշակութային, տնտեսական և բնական միջավայրի վերականգնմանն ուղղված ծրագրեր են իրականացվում:
Էկոգյուղերի հայեցակարգի hիմքում կայունության չորս՝ բնապահպանական, տնտեսական, մշակութային և սոցիալական ուղղությունների՝ մասնակցային և համընդգրկուն նախագծման միջոցով ինտերգրումն է: Ծրագիրը Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC), ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Էկոգյուղերի համաշխարհային ցանցի երկարաժամկետ համագործակցության նոր ձևաչափ է` բնապահպանության և բնական ռեսուրսների կայուն օգտագործման բնագավառում:
Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» բարեգործական հասարակական կազմակերպություն է, որն աջակցում է Հայաստանի և Արցախի հանրապետություններում ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին կառուցել և վերանորոգել պարզ, հարմարավետ և մատչելի տներ՝ տալով նրանց երկարաժամկետ, անտոկոս փոխառություններ, ինչպես նաև իրականացնում է տնազոhւրկների շահերի պաշտպանություն՝ դարձնելով այն խղճի հարց և գործելու մղում։ Ամենամսյա ետվճարներից կազմվում է շրջանառու ֆոնդ և օգտագործվում այլ ընտանիքներին աջակցելու նպատակով՝ այսպիսով դառնալով համայնքային զարգացման կայուն ֆինանսական հիմք։ Առ այսօր կազմակերպությունն աջակցել է մոտ 700 ընտանիքների:Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել՝ www.fcharmenia.org կամ գրել fcarmenia@fcharmenia.org էլ հասցեին:–0–