USD
379.42
EUR
441.46
RUB
4.8278
GEL
140.79
2026 թ. հունվարի 15, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-3

Կառավարության ղեկավարը ծանոթացել է Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի ծրագրերին

10.07.2014, 14:13
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նախօրեին Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում ծանոթացել է Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի գործունեությանը, տեղեկացնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից:
Կառավարության ղեկավարը ծանոթացել է Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի ծրագրերին
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նախօրեին Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում ծանոթացել է Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի գործունեությանը, տեղեկացնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից:

Կառավարության ղեկավարը շրջել է կենտրոնում, եղել ճարտարագիտության և մուլտիմեդիայի լաբորատորիաներում, համակարգչային լսարաններում, ծանոթացել է տեխնոլոգիական կենտրոնի ընթացիկ, ինչպես նաև առաջիկա ծրագրերին:

Վարչապետին մանրամասներ են ներկայացրել Հայաստանում Start up (սկսնակ) բիզնեսի և ՓՄՁ-ների համար մաքուր տեխնոլոգիաների ծրագրի վերաբերյալ, որն իրականացվում է ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության կողմից՝ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի աջակցությամբ:

Դա մաքուր տեխնոլոգիաներին վերաբերող միակ նմանատիպ ծրագիրն է, որը համագործակցում է Սիլիկոնյան հովտում գտնվող ամենամեծ Cleantech Open ակսելերատորի հետ:

Ծրագրի շրջանակում հայտարարվել է լավագույն բիզնես գաղափարների մրցույթ՝ վերականգնվող էներգիայի, էներգաարդյունավետության, թափոններից էներգիայի ստացման և ջրային ռեսուրսների ոլորտներում: Հաղթողը հնարավորություն կստանա մասնակցելու Cleantech Open-ի կողմից Սիլիկոնյան հովտում կազմակերպվող ամենամյա գործարար համաժողովին:

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը ստեղծվել է ՀՀ կառավարության, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի, Գերմանական տեխնիկական միության և Համաշխարհային բանկի համագործակցության արդյունքում:

Գյումրիում տեխնոպարկի ստեղծման ծրագիրը ՀՀ կառավարության կողմից հաստատվել է դեռևս 2006 թ.-ի մարտի 2-ին: ՀՀ կառավարությունը 2009 թ.-ի ապրիլի 9-ին հավանություն է տվել Գյումրիում տեխնոպարկի գործունեության պետական աջակցության ծրագրին:

2012թ.–ի ապրիլի 29–ին մեկնարկեց տեխնոպարկի գլխավոր մասնաշենքի` Տեխնոլոգիական կենտրոնի շինարարությունը, որի համար նախատեսված է պետական միջոցներից հատկացնել մոտ 4,5 մլն դոլար։ Գլխավոր մասնաշենքի շուրջ կձևավորվեն հեռահաղորդակցությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտի ձեռնարկություններ։ Միաժամանակ 8,5 մլն դոլարը կկազմեն D-Link International հայտնի ընկերության ներդրումները` Հետազոտությունների և թեստավորման կենտրոնի ստեղծման շրջանակներում։ Տեխնոպարկի ամբողջական գործարկումը նախատեսված է իրականացնել երկու տարվա ընթացքում։

ՀՀ կառավարության հունվարի 9-ի որոշմամբ՝ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը ճանաչվել է Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի գործունեության պետական աջակցության միջոցառումների ծրագրի իրականացման գլխավոր օպերատորը:

Տեխնոպարկ-ինկուբատորի գործունեության հիմնական ուղղությունները կապված են հետևյալ ոլորտների հետ՝ բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաներ, արվեստ, մոդելավորում, ոսկերչություն և զբոսաշրջություն։ Ենթադրվում է, որ տեխնոպարկը հանդես կգա փոքր և միջին բիզնեսի ինկուբատորի դերում, որը կզբաղվի գիտատար արտադրությամբ, ինչը թույլ կտա ընդլայնել երկրի արտահանման հնարավորությունները: ($1 –ը` 407,42 դրամ) –0-