Ucom ընկերության ներկայացուցիչները միացել են ազգային օլիմպիական հավաքականին
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Ucom ընկերության հովանավորությամբ, Հայաստանի ազգային օլիմպիական հավաքականն արդեն գտնվում է այս տարվա օլիմպիական մայրաքաղաք Ռիո դե Ժանեյրոյում, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։
Հայ բռնցքամարտիկներին, ծանրամարտիկներին, լողորդներին, ըմբշամարտիկներին, հրաձիգին, թեթև աթլետներին, մարմնամարզիկներին, ձյուդոիստներին կսատարեն նաև Ucom ընկերության ներկայացուցիչները, ովքեր այսօր ուղևորվել են աշխարհի գլխավոր սպորտային ստուգատեսի անցկացման վայրը:
«Ազգային օպերատորի կարգավիճակը պարտավորեցնում է մեզ ամեն կերպ աջակցել մեր մարզիկներին: Այս օրերի ընթացքում ողջ աշխարհն ապրելու է օլիմպիական ռիթմով, ամբողջ Հայաստանը մեր հովանավորությամբ դիտելու է Ռիո-2016-ի դիտարժան իրադարձությունների ուղիղ հեռարձակումը: Ucom ընկերության բոլոր աշխատակիցները հատուկ համազգեստ են կրելու և սրտի տրոփյունով հետևելու են մեր հավաքականի ելույթներին: Մենք հավատում ենք մեր մարզիկների տոկունությանը, վստահում ենք նրանց ուժերին և միմիայն հաղթական մեդալներ ենք ակնկալում», - նշել է Ucom ընկերության հաղորդակցության և մարքետինգի տնօրեն Տիգրան Սաֆարյանը։
Ucom (Universal Communications) ընկերությունը հիմնադրվել է 2007 թ.–ին և զբաղվում է հեռահաղորդակցական ծառայությունների տրամադրմամբ։ Ericsson–ի աջակցությամբ ընկերությունը ստեղծել է լայնաշերտ հասանելիության ցանց` տրամադրելով ինտերնետային, IP հեռուստատեսության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ։ 2015 թ.–ի սեպտեմբերին Ucom–ը ձեռք բերեց Orange Armenia ընկերության (ապրանքանիշը` Orange, France Telecom–ի նախկին դուստրը) բաժնետոմսերի 100 տոկոսը, որը հայկական շուկայում գործում էր 2009 թ.–ի նոյեմբերի 5–ից։ Ընկերությունն արդեն հայտարարել է միաձուլման մասին և իրականացրել է վերաբրենդավորում։-0-