Ucom–ը կօգնի ՀՀ ԱԻՆ–ին կատարելագործել հակակարկտային կայանքների տեխնիկական հագեցվածությունը
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի. /ԱՌԿԱ/. Ucom հեռահաղորդակցական ընկերությունը պատրաստ է տեխնիկական աջակցություն ցուցաբերել ՀՀ ԱԻՆ–ին ` հանրապետությունում հակակարկտային կայանքների աշխատանքը բարելավելու համար, հայտարարել է Ucom–ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հրավիրած աշխատանքային խորհրդակցության ժամանակ։
Եսայանը պատրաստակամություն է հայտնել ընկերության տեխնիկական հնարավորություններն ի սպաս դնել հակակարկտային կայանքների կառավարման համար անհրաժեշտ կապն առավել հուսալի և անխափան դարձնելու հարցում:
«Մենք պետք է հնարավորինս ապահովագրված լինենք բոլոր տեսակի խափանումներից»,- շեշտել է նախարար Երիցյանը:
Ամփոփելով ոլորտի մասնագետների կողմից հնչեցված խնդիրներն ու դրանց հնարավոր լուծումների վերաբերյալ առաջարկությունները՝ ԱԻ նախարարը համոզմունք է հայտնել, որ ոլորտի մասնագետների համագործակցությունը կարճ ժամանակում կհանգեցնի մինչ օրս արձանագրված տեխնիկական խնդիրների հիմնավոր լուծմանը։
Այս ոլորտում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը համագործակցում է նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ:
Այսօր Հայաստանում գործում է 460 հակակարկտային կայանք, որոնք ապահովում են երկրի կարիքների մոտ 9 տոկոսը։ –0-