Ucom-ը հետևում է տեխնոլոգիական կրթության ընթացքին Գեղարքունիքի «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներում
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Օրերս Ծովագյուղի Մուրացանի անվան միջնակարգ դպրոցի և Սևանի Խաչատուր Աբովյանի անվան ավագ դպրոցի «Արմաթ» ինժեներական խմբակ-լաբորատորիաների սաները հյուրընկալել էին նախագծի պատասխանատուներին Ucom ընկերությունից և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից (ԻՏՁՄ), հաղորդում է Ucom–ի մամուլի ծառայությունը։
Շրջայցի ժամանակ «Արմաթի» սաները ցուցադրել են այն ամենն, ինչ սովորել են մոտ մեկ տարվա ընթացքում:
Երեխաները հմտացել են «Աղվես» և «Կրիա» ծրագրերի օգնությամբ խաղեր ստեղծելու, մուլտֆիլմեր պատրաստելու, մաթեմատիկական հաշվարկներ իրականացնելու մեջ: Նրանցից ոմանք մասնակցել են նաև Դիջիթեք Էքսպոյի շրջանակում անցկացվող ջրային սարքերի ցուցադրությանը, որտեղ ներկայացրել են իրենց իսկ ձեռքով պատրաստված նավը։
«Մասնակցել ենք «Բաց խաղ» առաջնությանը և հասել ենք երրորդ փուլ», - նշում է «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներից մեկի սան Խաչիկ Առաքելյանը:
«Շրջայցի ընթացքում պարզ երևաց Ucom ընկերության ներդրումների արդյունքը կրթության ոլորտում: Ամենահզոր ուժը մեր հայրենիքի ապագա ինժեներն է, շինարարը, բժիշկը, կամ ցանկացած այլ մասնագետ, ով կրթված է ու իր գիտելիքները ծառայեցնում է հանուն սեփական երկրի բարօրության», - ասել է Ucom ընկերության բրենդի զարգացման և հաղորդակցության բաժնի ղեկավար Աշոտ Բարսեղյանը:
Հիշեցնենք, որ ԻՏՁՄ-ի և Ucom ընկերության միջև ստորագրված համագործակցության հուշագրի համաձայն՝ Ucom ընկերությունը ներդրումներ է կատարում, որպեսզի Հայաստանի 9 մարզերում բացվեն «Արմաթ» անվանումը կրող շուրջ 70 ինժեներական խմբակ-լաբորատորիաներ։
Նախագիծը նպատակ ունի խթանելու տեխնոլոգիական կրթությունը Հայաստանի համայնքների բոլոր դպրոցներում, նպաստելու աշակերտների մոտ ժամանակակից բարձր տեխնոլոգիաների նկատմամբ հետաքրքրության առաջացմանը, վաղ տարիքից ճարտարագիտական մտածելակերպի զարգացմանը և բանիմաց ուսանողների նախապատրաստմանը։
«Արմաթ» ինժեներական խմբակ-լաբորատորիաներում մշակված ծրագրային փաթեթները, ինչպես նաև սարքավորումների գծագրերը բաց են հանրության համար։ Խմբակ-լաբորատորիաների համար ծրագրային միջոցներ ձեռք բերելիս նախապատվություն է տրվում տեղական արտադրողին, ինչի վառ օրինակ են հանդիսանում Հայաստանում արտադրված բարձրակարգ եռաչափ (3D) տպիչները, մինի համակարգիչները, ռոբոտաշինության հավաքածուները և այլ սարքերը։
Ucom (Universal Communications) ընկերությունը հիմնադրվել է 2007 թ.–ին և զբաղվում է հեռահաղորդակցական ծառայությունների տրամադրմամբ։ Ericsson–ի աջակցությամբ ընկերությունը ստեղծել է լայնաշերտ հասանելիության ցանց` տրամադրելով ինտերնետային, IP հեռուստատեսության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ։ 2015 թ.–ի սեպտեմբերին Ucom–ը ձեռք բերեց Orange Armenia ընկերության (ապրանքանիշը` Orange, France Telecom–ի նախկին դուստրը) բաժնետոմսերի 100 տոկոսը, որը հայկական շուկայում գործում էր 2009 թ.–ի նոյեմբերի 5–ից։ Ընկերությունն արդեն հայտարարել է միաձուլման մասին և իրականացրել է վերաբրենդավորում։ -0-