Ucom–ը Հայաստանում ներդրել է VoLTE նոր տեխնոլոգիան. կապի հաստատումն ավելի արագ է դառնում
ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Այսօրվանից Ucom ընկերությունն իր շարժական կապի բաժանորդների համար գործարկեց VoLTE (LTE ցանցի միջոցով ձայնային ազդանշանի փոխանցման) տեխնոլոգիայի օգնությամբ զանգեր կատարելու հնարավորությունը։
Հայաստանն աշխարհում դարձել է 29–րդ երկիրը, որը ներդրել է նման տեխնոլոգիա։ ԱՊՀ երկրներից VoLTE գործարկվում է Ռուսաստանում միայն մեկ օպերատորի կողմից, ընդ որու միայն Մոսկվայում։
VoLTE տեխնոլոգիայով աշխատող հեռախոսների միջև զանգի միջոցով կապի հաստատումը պահանջում է երկու վայրկյանից քիչ ժամանակ, մինչդեռ 3G ցանցում այդ ժամանակահատվածը 6-10 վայրկյան է։ VoLTE տեխնոլոգիան առանձնանում է ոչ միայն կապի հաստատման արագությամբ, այլ նաև ձայնի բարձր որակով։
Ինչպես նշում է Ucom ընկերության տեխնիկական տնօրեն Գևորգ Գևորգյանը, նման տեխնոլոգիաներն առաջին անգամ են ներդրվում Հայաստանում, ինչի կապակցությամբ ընկերության տեխնիկական անձնակազմն աշխատել է մի քանի ամիս շարունակ` դրանք ներդրնելու նպատակով։
«Ազդանշանը տրվում է նոր բազային կայաններից, որոնք նախորդ տարվանից սկսած մեր ընկերությունը շարունակաբար տեղադրել է Հայաստանի 150-ից ավելի բնակավայրերում», – ասաց Գևորգյանը։
Նրա խոսքով, բազային կայանների ծրագրային ապահովումն ու բջջային հեռախոսների թարմացումները Ucom-ի բաժանորդներին հնարավորություն կտան լիարժեք կերպով օգտագործել Voice over LTE տեխնոլոգիայի բոլոր գործառույթները և օգտվել նոր սերնդի մուլտիմեդիա ծառայություններից։
Ինչպես նշեց Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը, նոր տեխնոլոգիայի առավելությունն այն է, որ անկախ ցանցում օգտատերերի քանակից` տվյալների փոխանցման արագությունը չի փոխվում և կարող է հասնել 243 Մբ/վ–ում։
«Այլևս LTE ցանցից դուրս գալու, ինչպես նաև բարձր արագությամբ տվյալների փոխանցումը կատարելու կամ վեբկայքերի դիտումը դադարեցնելու կարիք չկա, նույնիսկ եթե Ձեզ զանգահարում են։ Դուք կարող եք շարունակել շփվել Ձեր մտերիմների հետ համացանցում, դիտել Ձեր նախընտրած ծրագիրը, ֆիլմը կամ հաղորդումը շարժական հեռուստատեսության միջոցով և միաժամանակ պատասխանել մուտքային զանգին։ Ավելին, զանգի ընթացքում հեռախոսը կարելի է օգտագործել նաև որպես ինտերնետի հասանելիության կետ այլ սարքերի համար», – նշել է Եսայանը։
Նոր տեխնոլոգիայի առանձնահատկությունների թվում նա նաև նշեց այն , որ VoLTE–ն կարող է տեղեկատվություն ստանալ երեք տարբեր հաճախականություններում` ապահովելով 20Մբ/վ միջին արագություն ընկերության LTE ցանցի ծածկույթի ողջ տարածքում։
Նրա խոսքով, այսօր Հայաստանի բնակիչների մոտ 80%–ը կարող է օգտվել 4G+ ցանցից, իսկ մինչև 2018 թ.–ի ապրիլ ընկերությունը նախատեսում է բարձրացնել այդ ցուցանիշը` հասցնելով 98%–ի։
Ինչ վերաբերում է գաջեթներին, որոնք աշխատում են տվյալ տեխնոլոգիաներով, ապա Եսայանի խոսքով, այս պահին տարբեր արտադրողների սմարթֆոնների շուրջ 300 մոդել արդեն աշխատում է LTE տեխնոլոգիայով և կարող են օգտագործել VoLTE–ին։
«Ինչ վերաբերում է մնացած սմարթֆոններին և գաջեթներին, ապա մենք բանակցում ենք բոլոր վենդորների հետ, որպեսզի նրանց նախատեսեն նման հնարավորություններ ծրագրային ապահովման հետագա թարմացումներում», – ասաց Եսայանն ու հավելեց, որ բոլոր թարմացումները հասանելի կլինեն 6–8 ամսում։
Ucom ընկերությունը Հայաստանում 2009թ. սկսած կառուցել է գերժամանակակից օպտիկամանրաթելային ցանց, որը հնարավորություն է տալիս մեկ կապուղով մատուցել երեք ծառայություն՝ ինտերնետ, հեռուստատեսային ծառայություն և հեռախոսակապ: 2015թ. հունիսի դրությամբ ընկերությունն ունի ավելի քան 100 000 բաժանորդ և 800-ից ավելի աշխատակից: Համագործակցելով համաշխարհային գերհզոր ընկերությունների հետ` «Յուքոմը» կարողացել է իր հաստատուն դիրքը գրավել Հայաստանի հեռահաղորդակցման շուկայում: –0–