USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+5

Ucom-ն ազդարարում է հայկական ու միջազգային հեռուստատեսային արտադրանքի պատասխանատուների համաժողովի մեկնարկը

20.06.2016, 15:04
Արդեն երկրորդ անգամն է, որ Ucom ընկերության նախաձեռնությամբ, «Համագործակցության կոնֆերանս 2016» եռօրյա համաժողովի շրջանակում, հունիսի 19-21-ը Ծաղկաձորում մեկնարկել է հեռուստատեսային արտադրանքի և բովանդակության միջազգային մասնագետների հանդիպումը:
Ucom-ն ազդարարում է հայկական ու միջազգային հեռուստատեսային արտադրանքի պատասխանատուների համաժողովի մեկնարկը

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի. /ԱՌԿԱ/. Արդեն երկրորդ անգամն է, որ Ucom ընկերության նախաձեռնությամբ, «Համագործակցության կոնֆերանս 2016» եռօրյա համաժողովի շրջանակում, հունիսի 19-21-ը Ծաղկաձորում մեկնարկել է հեռուստատեսային արտադրանքի և բովանդակության միջազգային մասնագետների հանդիպումը:

Հեռահաղորդակցական ընկերության մամուլի ծառայության հաղորդմամբ` համաժողովի նպատակն է նպաստել հայաստանյան ու միջազգային հեռուստաբովանդակության մատակարարների շարունակական գործակցությանը և փորձի փոխանակմանը:

Այս տարի հեռուստատեսային արտադրանքի տեղի մասնագետները կքննարկեն ոլորտի խնդիրներն ու մարտահրավերները, պահանջարկն ու հնարավորությունները միջազգային այնպիսի հեռուստաալիքների բովանդակության համար պատասխանատու ներկայացուցիչների հետ, ինչպիսիք են՝ Discovery Channels, Euronews, National Geographic, Nat Geo Wild, Bridge TV, Rusong TV, Russian Travel Guide, ТВЦ International հեռուստաալիքները:

Երեք օրերի ընթացքում մտքերի փոխանակմանը կմասնակցեն նաև ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի և այլ պետական և ոչ պետական կառույցների ներկայացուցիչները:

«Անալոգային հեռուստատեսությունն արդեն պատմություն է, իսկ թվայինը՝ նոր հնարավորություններ ընձեռող և անընդհատ կատարելագործվող տեխնոլոգիական լուծում: Տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց խիստ կարևոր է, որ զարգացում ապրի նաև հեռուստատեսային բովանդակությունը: Համաժողովը թույլ է տալիս քննարկելու բովանդակության հետ կապված ցուցադրման իրավունքի, ծավալի, ձևաչափերի և նմանատիպ այլ հարցեր», - ասել է ընկերության զարգացման գծով տնօրեն Ալեքսանդր Եսայանը:

Ucom (Universal Communications) ընկերությունը հիմնադրվել է 2007 թ.–ին և զբաղվում է հեռահաղորդակցական ծառայությունների տրամադրմամբ։ Ericsson–ի աջակցությամբ ընկերությունը ստեղծել է լայնաշերտ հասանելիության ցանց` տրամադրելով ինտերնետային, IP հեռուստատեսության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ։

2015 թ.–ի սեպտեմբերին Ucom–ը ձեռք բերեց Orange Armenia ընկերության (ապրանքանիշը` Orange, France Telecom–ի նախկին դուստրը) բաժնետոմսերի 100 տոկոսը, որը հայկական շուկայում գործում էր 2009 թ.–ի նոյեմբերի 5–ից։ Ընկերությունն արդեն հայտարարել է միաձուլման մասին և իրականացրել է վերաբրենդավորում։–0–