Ucom–ն ավելի քան 30 մլրդ դրամ է ներդրել սեփական ցանցի վերազինման ոլորտում
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի. /ԱՌԿԱ/. Ucom–ն ավելի քան 30 մլրդ դրամ է ներդրել սեփական ցանցի վերազինման ոլորտում, ասաց ընկերության տնօրեն Հայկ Եսայանը։
Խոսելով Ucom–ի գործունեության մասին` Եսայանն ընդգծեց, որ այս պահին նրանք աշխատում են մի քանի ուղղություններով։ «Առաջին պրոդուկտը, որը շուտով կհայտնվի, Upey վճարահաշվարկային համակարգի ներդրումն է, նաև որոշ փոփոխություններ են նախատեսվում հեռուստատեսության ծառայություններում։ Ինչպես գիտեք, IP-հեռուստատեսության ծառայություններ մատուցող առաջին օպերատորը Ucom–ն էր»,– չորեքշաբթի ասաց Եսայանն Ազգային պոլիտեխնիկ համալսարանի ուսանողների հետ հանդիպման ընթացքում։
Եսայանը նշեց, որ հեռահաղորդակցությունների ոլորտը բավականին զարգացած է Հայաստանում։
Նա նշեց, որ Հայաստանն ամբողջովին «ծածկված է» ինչպես բջջային, այնպես էլ ֆիքսված կապով։ «Մեզ մոտ լավագույն օպտիկամանրաթելային ցանցն է։ Եթե համեմատենք թողունակությունը տասնամյա վաղեմության իրավիճակի հետ, ապա կարելի է ասել, որ այսօր մեր արագությունները որևէ կերպ չեն զիջում եվրոպականներին, ես նույնիսկ կասեի, որ դրանք ավելի լավն են։ Մենք առաջատարներ ենք, և կարող եմ վստահությամբ ասել, որ Երևանն օպտիկամանրաթելային ցանցի ամբողջական ծածկույթով առաջին մայրաքաղաքն է։ Այս հարցերում մենք առաջատար երկրներից ենք»,– ասաց նա։
Ըստ նրա, որքան ավելի լավ է երկրում ցանցի վիճակը, այնքան ավելի դրական է դա ազդում տնտեսական ցուցանիշների վրա։
«Այսօր ուսանողների հետ խոսելու ենք թրենդերի և համաշխարհային շուկայի առաջիկա փոփոխությունների մասին։ Մի քանի տարի առաջ նրանք ընդամենը կապի ծառայություններ էին վաճառում, այսօր թրենդերը փոխվում են, և այն ընկերությունները, որոնք հինգ տարվա ընթացքում չեն վերափոխվում ավելի նորարարականի, պարզապես դուրս կմնան շուկայից»,– ընդգծեց Եսայանը։
Նա նշեց, որ տնտեսությունը միշտ առաջ են տանում առաջատար տեխնոլոգիաները։ «Մենք շատ շուտով Ազգային պոլիտեխնիկ համալսարանի հետ գործակցության հուշագիր կստորագրենք, որի համաձայն կընդունենք համալսարանի ուսանողներին 3–րդ–4–րդ կուրսերից մեզ մոտ ուսման, իսկ հետագայում, հնարավոր է, աշխատանքի»,– ասաց Եսայանը։
Ucom (Universal Communications) ընկերությունը հիմնադրվել է 2007 թ.–ին և զբաղվում է հեռահաղորդակցական ծառայությունների տրամադրմամբ։ Ericsson–ի աջակցությամբ ընկերությունը ստեղծել է լայնաշերտ հասանելիության ցանց` տրամադրելով ինտերնետային, IP հեռուստատեսության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ։–0–