Ucom-ը և iBolit.mobi-ն տրամադրում են շարժական սարքավորումների վերանորոգման ծառայություններ
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Օրերս Ucom և iBolit.mobi ընկերությունները համատեղ հայտարարեցին շարժական սարքավորումների վերանորոգման վճարովի ծառայության տրամադրման մասին:
Այսուհետ ցանկացած մարդ կարող է վերանորոգել իր բջջային հեռախոսը, նոթբուքը կամ ինտերնետ-մոդեմը Ucom-ի վաճառքի և սպասարկման բոլոր կենտրոններում, ինչպես նաև Երևանի՝ իր կողմից նշած ցանկացած վայրում, հաղորդում է Ucom–ի մամուլի ծառայությունը։
«Արդեն 4-րդ անգամն է, որ հեռախոսիս էկրանը վնասում եմ և նույն հարցով դիմում եմ iBolit.mobi-ին: Երրորդ և չորրորդ անգամ ինձ զգալի զեղչ տրամադրեցին, ինչը շատ գոհացնող է: Գոհացնում է նաև մասնագետների աշխատանքը՝ գործող երաշխիքի հետ միասին», - պատմում է հաճախորդ Ալիսա Սահակյանը:
Պարտադիր վերապատրաստում անցած և համապատասխան հավաստագիր ստացած մասնագետները մոտենում են Երևանում բաժանորդի համար առավել հարմար վայր և 15-ից 60 րոպեների ընթացքում վերացնում են խնդիրը հենց սարքավորման սեփականատիրոջ ներկայությամբ: Վերանորոգման համար օգտագործվող բոլոր պահեստամասերը որակյալ են և ունեն 6 ամսվա երաշխիք:
«iBolit.mobi-ի թիմը ջանք ու եռանդ չի խնայում որակյալ ծառայություններ մատուցելու համար: Մեր նորարարական մոտեցումները միակն են Հայաստանում, որ թույլ են տալիս հաճախորդների խնդիրները լուծել հենց իրենց ներկայությամբ հաշված րոպեների ընթացքում: Ucom-ի հետ գործակցությունը թույլ է տալիս լուծել ոչ միայն Երևանում, այլև մարզերում բնակվող հաճախորդների խնդիրները», - մանրամասնում է iBolit.mobi ընկերության հիմնադիր Գևորգ Եղիազարյանը:
«Ucom-ը բազմաթիվ հեռախոսների պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում: Մեր վաճառքի կենտրոններից գնված այդ հեռախոսներն ունեն մեկ տարվա երաշխիք: Ուրախ ենք, որ Ucom-ի բաժանորդների համար անգամ երաշխիքային ժամկետի ավարտից հետո հեռախոսների սպասարկման, կոտրված էկրանի, չաշխատող մարտկոցի կամ ինտերնետ-մոդեմի վերանորոգման հետ կապված խնդիր չի առաջանա», - նշում է Ucom ընկերության վաճառքի տնօրեն Կարեն Շաբոյանը։
Ծառայության վճարը կախված է խնդրի տեսակից: Կանչը հնարավոր է ձևակերպել` զանգելով 011 40 01 01 հեռախոսահամարով կամ առցանց՝ http://www.imobi.am/am կայքի միջոցով:
Ucom (Universal Communications) հայկական ընկերությունը հիմնադրվել է 2007 թ.: Հանդիսանալով Հայաստանյան հեռահաղորդակցային շուկայի առաջատարներից մեկը, Ucom ընկերությունը առաջարկում է այս ոլորտում ծառայությունների լիարժեք շարք՝ գերարագ սիմետրիկ ինտերնետ, IP հեռուստատեսություն և ֆիքսված թվային հեռախոսակապ: Համագործակցելով Ericsson ընկերության հետ, Ucom-ը կառուցում է նոր սերնդի ամենամեծ օպտիկամանրաթելային ցանցը Հայաստանում: -0-