USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+8

Ucom-ի տնօրենն այցելել է սահմանամերձ Ոսկեպարի «Արմաթ» ինժեներական լաբորատորիա

03.05.2017, 13:20
Հայկ Եսայանը այցելել է Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեպարի «Արմաթ» ինժեներական լաբորատորիա:
Ucom-ի տնօրենն այցելել է սահմանամերձ Ոսկեպարի «Արմաթ» ինժեներական լաբորատորիա

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի. /ԱՌԿԱ/. Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը այցելել է Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեպարի «Արմաթ» ինժեներական լաբորատորիա, հաղորդում է Ucom–ի մամուլի ծառայությունը:

«Ռոբոտաշինությունը և ծրագրավորումը ոչ միայն ինձ հետաքրքիր են, այլև կիրառելի են կյանքի բոլոր բնագավառներում», - պատմում է Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեպարի Հ. Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի «Արմաթ» ինժեներական խմբակ-լաբորատորիայի սան Ադամ Ալիբեկյանը խմբակի աջակից՝ Ucom ընկերության և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) ներկայացուցիչներին:

Սահմանամերձ Ոսկեպարի Հ. Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի «Արմաթ» լաբորատորիայում ինժեներական և ծրագրավորման գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերող սաները հիմնականում 6-7-րդ դասարանների աշակերտներ են, ովքեր փորձում են հանրահաշվի, երկրաչափության և ֆիզիկայի դասընթացների ժամանակ սերտած գիտելիքները գործնականում կիրառել:

Երեխաներն ինքնուրույն փորձում են ոչ միայն համակարգչի օգնությամբ մոդելավորել, այլև` տպել տարբեր առարկաներ, խաղեր ծրագրավորել, անիմացիաներ ստեղծել:

Խմբակը մեծ հետաքրքրություն է առաջացրել ոչ միայն տղաների, այլև աղջիկների շրջանում: «Ընդամենը մեկ տարի է, ինչ հաճախում եմ այս խմբակը, և արդեն սովորել եմ աշխատել «Աղվես» ծրագրով ու բազմաթիվ խաղեր եմ գրել», - ասում է նույն լաբորատորիայի սան Իրինա Նասիբյանը:

«Ճիշտ է, ցանկանում եմ դառնալ բժիշկ, սակայն այստեղ սերտած գիտելիքներն ինձ ապագայում շատ պետք կգան: Հիմնականում խաղեր ենք ծրագրավորում, իսկ այս պահին նույնիսկ մրցութային առաջադրանք ենք ստացել Ղազարոս Աղայանի «Երջանիկ խրճիթն» անիմացնելու համար», - պատմում է Ոսկեպարի «Արմաթ» լաբորատորիայի սան Տիգրան Աղբալյանը:

Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանի խոսքով, ընկերությունը կարևորում է մարզերում և մասնավորապես սահմանամերձ գյուղերում երեխաների ներգրավվածությունը «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի կրթական նախագծերում: 

«Այստեղ սովորող երեխաների սակավությունը թույլ է տալիս ընտրել լավագույններից լավագույններին ու ստանալ այնպիսի արդյունք, որը կարող է կիրառելի դառնալ ռազմաարդյունաբերության մեջ», - ասել է նա:

ԻՏՁՄ-ի և Ucom ընկերության միջև ստորագրված համագործակցության հուշագրի համաձայն՝ Ucom ընկերությունը ներդրումներ է կատարում, որպեսզի Հայաստանի 9 մարզերում բացվեն «Արմաթ» անվանումը կրող շուրջ 70 ինժեներական խմբակ-լաբորատորիաներ։ Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը անձամբ պարբերաբար այցելում է արդեն իսկ գործող «Արմաթ» խմբակներ, շփվում դպրոցականների հետ, ծանոթանում նրանց ձեռքբերումներին ու առաջադիմությանը:

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաների կրթական ծրագիրը նպատակ ունի խթանելու տեխնոլոգիական կրթությունը Հայաստանի համայնքների բոլոր դպրոցներում, նպաստելու աշակերտների մոտ ժամանակակից բարձր տեխնոլոգիաների նկատմամբ հետաքրքրության առաջացմանը, վաղ տարիքից ճարտարագիտական մտածելակերպի զարգացմանը և բանիմաց ուսանողների նախապատրաստմանը։

«Արմաթ» ինժեներական խմբակ-լաբորատորիաներում մշակված ծրագրային փաթեթները, ինչպես նաև սարքավորումների գծագրերը բաց են հանրության համար։ Խմբակ-լաբորատորիաների համար ծրագրային միջոցներ ձեռք բերելիս նախապատվություն է տրվում տեղական արտադրողին, ինչի վառ օրինակ են հանդիսանում Հայաստանում արտադրված բարձրակարգ եռաչափ (3D) տպիչները, մինի համակարգիչները, ռոբոտաշինության հավաքածուները և այլ սարքերը։

Ucom (Universal Communications) հայկական ընկերությունը հիմնադրվել է 2007 թ.: Հանդիսանալով Հայաստանյան հեռահաղորդակցային շուկայի առաջատարներից մեկը, Ucom ընկերությունը առաջարկում է այս ոլորտում ծառայությունների լիարժեք շարք՝ գերարագ սիմետրիկ ինտերնետ, IP հեռուստատեսություն և ֆիքսված թվային հեռախոսակապ: Համագործակցելով Ericsson ընկերության հետ, Ucom-ը կառուցում է նոր սերնդի ամենամեծ օպտիկամանրաթելային ցանցը Հայաստանում:-0-