Ucom-ի ֆիքսված ծառայությունները հասանելի են ևս 5 քաղաքներում
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի. /ԱՌԿԱ/. Այսուհետ Քաջարանի, Դիլիջանի, Արարատի, Վեդիի և Ջերմուկի բնակիչները կկարողանան օգտվել Ucom-ի ֆիքսված կապի այն ծառայություններից, որոնք հասանելի են մայրաքաղաքի բաժանորդներին, հաղորդում է Ucom-ի մամուլի ծառայությունը։
IP-հեռուստատեսության բազմաթիվ, բազմաժանր ու բազմաբովանդակ ալիքները, լայնաշերտ ինտերնետը և նոր սերնդի թվային հեռախոսակապը հասանելի են մարզային քաղաքների բնակիչներին, այդ թվում նաև՝ որակյալ ու մատչելի փաթեթային լուծումներով։
«Առաջարկվող ծառայությունների համար բաժանորդները կունենան մեկ ընդհանուր հաշիվ, ինչն ավելի կհեշտացնի վճարման գործընթացը։ Միաժամանակ փաթեթային տարբերակով մի քանի ծառայություններից օգտվելով՝ բաժանորդները հնարավորություն են ստանում խնայել ամսվա ընթացքում վճարվող գումարը», – նշվում է հաղորդագրության մեջ։
«Մոտ մեկ ամիս է, ինչ օգտվում եմ Ucom-ի ծառայություններից, գոհ եմ ու բոլոր ջերմուկցիներին վստահաբար խորհուրդ եմ տալիս միանալ այս որակյալ կապին, հատկապես որ ընկերությունը հայկական է», - գոհունակությամբ նշել է Ջերմուկի բնակչուհի Անահիտ Գաբրիելյանը։
«Ջերմուկում ապրիլի մեկից ենք սկսել մատուցել ֆիքսված կապի ծառայություններ, հետաքրքրվածությունը բարձր է։ Առաջ եկած տեխնիկական խնդիրները շատ արագ լուծում են ստանում մեր անձնակազմի օպերատիվ աշխատանքի շնորհիվ, իսկ բնակչությունը ոգևորությամբ սպասում է նաև 4G+ կապի մուտքին: Առանց ակտիվ գովազդի մեզ արդեն մի քանի տասնյակ բաժանորդներ են միացել», - ամփոփել է Ջերմուկում Ucom-ի գրասենյակի աշխատակից Արտուշ Բաբայանը։
Բարձր գնահատական են հնչեցնում նաև Քաջարանի, Դիլիջանի, Արարատի և Վեդիի բնակիչները, ում համար կարևոր է ոչ միայն միշտ կապի մեջ մնալ մտերիմների հետ, այլև ակտիվորեն հետևել աշխարհի անցուդարձին, կինոարտադրության նորույթներին, սպորտային գլխավոր իրադարձություններին և այլն։
Հիշեցնենք, որ մինչ այդ ֆիքսված կապի ծառայությունները հասանելի են դարձել Հայաստանի ամենահեռավոր քաղաքներից մեկում՝ Ագարակում, ինչպես նաև Գյումրիում և Չարենցավանում:
Ucom (Universal Communications) հայկական ընկերությունը հիմնադրվել է 2007 թ.: Հանդիսանալով Հայաստանյան հեռահաղորդակցային շուկայի առաջատարներից մեկը, Ucom ընկերությունը առաջարկում է այս ոլորտում ծառայությունների լիարժեք շարք՝ գերարագ սիմետրիկ ինտերնետ, IP հեռուստատեսություն և ֆիքսված թվային հեռախոսակապ: Համագործակցելով Ericsson ընկերության հետ, Ucom-ը կառուցում է նոր սերնդի ամենամեծ օպտիկամանրաթելային ցանցը Հայաստանում: -0-