Ucom-ի և «Դասավանդի’ր, Հայաստան»-ի ղեկավարները մասնակցեցին «Տեխնոլոգիաները հանուն կրթության» զրույցին
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի. /ԱՌԿԱ/. «Տեխնոլոգիաները հանուն կրթության» խորագրով զրույց է անցկացվել Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանի և «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի հիմնադիր և ղեկավար Լարիսա Հովաննիսյանի մասնակցությամբ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, հայտնում է հաղորդակցային օպերատորի մամուլի ծառայությունը։
Ինչպես նշվում է հաղորդման մեջ, բանախոսները կիսվել են կրթության մեջ և աշխատանքում կիրառվող տեխնոլոգիաների կարևորության, ժամանակին համընթաց քայլելու և աշխատանքն ու կրթության գործընթացը ավելի արդյունավետ դարձնելու իրենց փորձով։ Քննարկմանը մասնակցել են հարյուրից ավելի երիտասարդներ, ապագա և գործող ստարտափերներ, ուսանողներ, տեխնիկական ու կրթական ոլորտների փորձագետներ։
«Ստարտափ հիմնելու համար պետք է ունենալ գաղափար, որին ոչ ոք չի հավատում, և ջանասիրաբար անել ամեն ինչ, որ այն իրականանա», - իր փորձով է կիսվել Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։ «Շատ կարևոր է թիմը, որի հետ աշխատում ես՝ նույն ուղղությամբ նայելու, իրար մտքերը և ասելիքը ճշգրիտ հասկանալու, նույն կրթական մակարդակում գտնվելու, ինքնակրթվելու, փոփոխվող միջավայրում արագ կողմնորոշվելու կարողություններով օժտված, լավ իմաստով «գժերի» թիմը», - նշել է նա։
«Կրթական ոլորտը տարբեր է իր սպեցիֆիկայով՝ այստեղ շատ բաներ պահանջում են ավելի համակարգային մոտեցում։ Բայց այս մի քանի տարիների ընթացքում մենք համոզվել ենք, որ որքան նորարար և տեխնոլոգիաներով հագեցած լինեն մեր գործողությունները, այնքան արագ մենք կկարողանանք հասնել աշխարհի սրընթաց զարգացմանը։ Մեր երեխաներին պետք է հենց դպրոցից սովորեցնել ինչպես կիրառել տեխնոլոգիները հանուն կրթական գերազանցության, որ աղբյուրներից օգտվել, ինչպես մասնագիտական ու այլ օգտակար գրականություն որոնել», - նշել է «Դասավանդի’ր, Հայաստան»-ի հիմնադիր և ղեկավար Լարիսա Հովաննիսյանը։
Ընկերությունից նշում են, որ զրույցների այդ շարքը մեկնարկել էր դեռ նախորդ տարի՝ մարզային դպրոցներ այցելությունների ժամանակ և շարունակական բնույթ է ունենալու։
Ucom ընկերությունը Հայաստանում 2009թ. սկսած կառուցել է գերժամանակակից օպտիկամանրաթելային ցանց, որը հնարավորություն է տալիս մեկ կապուղով մատուցել երեք ծառայություն՝ ինտերնետ, հեռուստատեսային ծառայություն և հեռախոսակապ:–0–