USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+4

Ucom–ի աջակցությամբ անցկացված տեխնոլոգիական ճամբարի պատանիներն իրենց ստեղծած եռաչափ տպիչները նվիրել են Շուշիի, Վանքի և Ճարտարի դպրոցներին

27.07.2016, 11:41
Ավարտվել է Հանքավանում անցկացվող ամառային տեխնոլոգիական ճամբարի 2-րդ հոսքը, որին մասնակցել են 9-13 տարեկան դպրոցականներ Հայաստանի տարբեր մարզերի գյուղերից ու քաղաքներից:
Ucom–ի աջակցությամբ անցկացված տեխնոլոգիական ճամբարի պատանիներն իրենց ստեղծած եռաչափ տպիչները նվիրել են Շուշիի, Վանքի և Ճարտարի դպրոցներին

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի. /ԱՌԿԱ/. Ավարտվել է Հանքավանում անցկացվող ամառային տեխնոլոգիական ճամբարի 2-րդ հոսքը, որին մասնակցել են 9-13 տարեկան դպրոցականներ Հայաստանի տարբեր մարզերի գյուղերից ու քաղաքներից:

Այն իրականացվել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ), Ucom ընկերության և Վորլդ Վիժն Հայաստանի կողմից՝ երկու հոսքով և ընդհանուր թվով՝ 600 դպրոցականների համար, հաղորդում է Ucom–ի մամուլի ծառայությունը։

Տեխնոլոգիական ճամբարին մասնակցել են մարզերում գործող «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների սաներն ու Վորլդ Վիժն Հայաստանի շահառու համայնքների անապահով ընտանիքների երեխաները:

Ամառային ճամբարի երկրորդ հոսքի 15 թիմերն ակտիվ հանգստի պայմաններում հասցրել են ռոբոտաշինության տարրական գիտելիքներ ձեռք բերել, ստեղծել ռոբոտներ, ծրագրավորել դրանք «Աղվես» համակարգչային ծրագրի օգնությամբ և ցուցադրել իրենց ստեղծած ռոբոտների՝ ուղիղ գծին հետևելու կարողությունը. Առաջադրանքն անթերի կատարել են Իջևանի «Արմաթ» ինժեներական խմբակ-լաբորատորիայի սաները:

Երկրորդ հորիզոնականն են զբաղեցրել Տավուշի մարզի Կոթի և Բերքաբեր գյուղերի ինժեներական խմբակ-լաբորատորիաների սաները, ովքեր որպես պարգև ստացել են ռոբոշինության հավաքածու:

Ամառային տեխնոլոգիական ճամբարի պատանիներն ստեղծել են նաև եռաչափ (3D) տպիչներ, որոնք ամառային տեխնոլոգիական ճամբարի մասնակիցների անունից նվիրել են Շուշիի, Վանքի և Ճարտարի դպրոցներին:

Տեխնոլոգիական ճամբարի պատանիները յուրացրել են նաև ողջ մնալու արվեստի հմտություններ (լեռնագնացություն, կրակային պատրաստություն, փակ տարածությունում կողմնորոշվելու հմտություններ և այլն), ակտիվորեն մասնակցել են հայրենաճանաչությանն ուղղված արշավների, ինտելեկտուալ բրեյն-ռինգ խաղի, լողի, ֆուտբոլի, վոլեյբոլի մրցումների:

Խոսելով մասնակիցների տեխնոլոգիական կրթության մասին, Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը նշել է. «20 տարի անց այս երեխաներն են ղեկավարելու այս երկիրը և առաջնորդելու են մեզ, մշակելով Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացման նորագույն ուղղություններ։ Իսկ այսօր մենք հպարտորեն կանգնած ենք իրենց տեխնոլոգիական կրթության հիմքում»:

«Շատ ուրախալի է գիտակցել, որ տարիներ անց Հայաստանում կլինեն տեխնոլոգիական ոլորտի մասնագետներ, որոնց համար այս ճամբարը ելակետային ու որոշիչ եղավ՝ հանդիսանալով ապագա մասնագիտության ընտրության հիմք։ Այն ոգևորությունն ու հետաքրքրությունը, որ նկատվում է մասնակիցների մոտ դրա ապացույցն են։ Ուստի կարող ենք փաստել, որ տեխնոլոգիական ճամբարն իր նպատակին հասել է», - նշել է Վորլդ Վիժն Հայաստանի Արագածոտնի մարզի ծրագրերի ղեկավար Թամարա Բարբակաձեն։

ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, դիմելով ճամբարականներին, նշել է, - «Շատ հպարտ եմ, որ կանգնած եմ Հայաստանի ապագա առաջնորդների առջև և համոզված եմ, որ տարիներ անց դուք եք կազմակերպելու հայրենաճանաչության, ռոբոտաշինության և այլ դասընթացներ ապաագա դպրոցականների համար: Հպարտ եմ նաև, որ մեր աշխատանքը շարունակական է լինելու: Դա նշանակում է, որ մեր երկիրը լինելու է հզոր, անպարտելի և օրինակելի»:

Ucom (Universal Communications) ընկերությունը հիմնադրվել է 2007 թ.–ին և զբաղվում է հեռահաղորդակցական ծառայությունների տրամադրմամբ։ Ericsson–ի աջակցությամբ ընկերությունը ստեղծել է լայնաշերտ հասանելիության ցանց` տրամադրելով ինտերնետային, IP հեռուստատեսության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ։

2015 թ.–ի սեպտեմբերին Ucom–ը ձեռք բերեց Orange Armenia ընկերության (ապրանքանիշը` Orange, France Telecom–ի նախկին դուստրը) բաժնետոմսերի 100 տոկոսը, որը հայկական շուկայում գործում էր 2009 թ.–ի նոյեմբերի 5–ից։ Ընկերությունն արդեն հայտարարել է միաձուլման մասին և իրականացրել է վերաբրենդավորում։

ԻՏՁՄ–ն հիմնադրվել է 2000 թ.–ին` ոլորտում գործող ընկերությունների տնտեսական շահերը պաշտպանելու, բիզնեսի զարգացումը խթանելու, ՏՏ ոլորտում ուսումնասիրությունները խրախուսելու նպատակով։–0–