Ucom և Calix ընկերությունները Հայաստանը կդարձնեն NG-PON2 հեղափոխական տեխնոլոգիաների երկիր
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Աշխարհում SDA տեխնոլոգիաների առաջատար Calix, Inc. (Նյու Յորքի ֆոնդային բորսայում գրանցված է որպես CALX) ընկերությունը երեքշաբթի հայտարարել է հայկական հեռահաղորդակցության շուկայում ծառայություններ մատուցող Ucom նորարարական ընկերության հետ իր համագործակցության մասին, որի շրջանակում հայ սպառողին հասանելի կդառնան NG-PON2 տեխնոլոգիաների առավելությունները, հաղորդում է Ucom ընկերության մամուլի ծառայությունը:
Calix AXOS E-Series համակարգերի միջոցով հնարավոր կլինի համակցել ընկերության օպտիկամանրաթելային ենթակառուցվածքները: 2017թ. սկզբին նախատեսված Calix AXOS NG-PON2 համակարգերի նախնական փորձարկումներով՝ Ucom-ը Հայաստանում կմեկնարկի նոր 10 Գբ/վ (վայրկյանում 10 գիգաբիթ) արագությամբ կապի ծառայություններ, ինչպես նաև կհամակցի իր ցանցային ենթակառուցվածքները՝ այսպիսով պարզեցնելով իր բիզնես գործընթացները:
Հայաստանում առաջինը FTTH տեխնոլոգիայով ծառայություններ մատուցող Ucom ընկերության և Calix-ի միջև երկարատև համագործակցությունը հանգեցրել է հայկական հեռահաղորդակցության շուկայի վերափոխմանը: Ucom-ն իր հաճախորդներին առաջարկում է ձայնային, հեռուստատեսային և տվյալների փոխանցման առաջատար ծառայություններ՝ միաժամանակ շարունակաբար ընդլայնելով իր կոմերցիոն և շարժական կապի ծառայությունների պորտֆելը:
Ինչպես նշել է Ucom ընկերության բիզնեսի զարգացման գծով տնօրեն և ընկերության փոխտնօրեն Ալեքսանդր Եսայանը, Calix ընկերությունը գործուն մասնակցություն է ունեցել FTTH ցանցի զարգացման գործում, որը, Հայաստանում ներկայում գործող ամենաընդարձակ և առաջատար ցանցն է:
«Լինելով ՕՊՄԹ ցանցով ծառայություններ մատուցող առաջատար ընկերություն՝ մենք վստահ ենք, որ Calix ընկերությունն արժեքավոր դերակատարում կունենա դեպի NG-PON2 և AXOS E-Series տեխնոլոգիաներ անցումային փուլում: Մենք մշտապես ունեցել ենք մի տեսլական. դառնալ ամենաառաջատար նորարարական ընկերությունն ինչպես տեխնոլոգիաների, այնպես էլ ծառայությունների մատուցման ոլորտներում, և NG-PON2-ն կատարյալ միջոց է բիզնեսներին մտուցվող ծառայություններն ընդլայնելու և մեր սեփականությունը հանդիսացող շարժական կապի կայանները կապակցելու համար: Calix-ի հետ համագործակցությունը մեզ հնարավորություն է ընձեռում մեր գործունեությունը տեղափոխել հաջորդ մակարդակ՝ մեկ անգամ ևս նոր շունչ հաղորդելով մեր երկրում լայնաշերտ ծառայությունների շուկային», - նշել է նա:
Եսայանը NG-PON2 ծառայությունների հետ կապված հետագա ծրագրերի վերաբերյալ լրացուցիչ մասնրամասներ կհաղորդի հոկտեմբերի 19-ին՝ Լոնդոնի ժամանակով 09:00-ին, Լոնդոնի ExCel Convention կենտրոնի Service Monetization Track Room-ում կայանալիք Broadband World ֆորումի շրջանակում անցկացվող «NG-PON2. Ապագան այսօր այստեղ» խորագրով կլոր սեղան-քննարկման ժամանակ: Կլոր սեղան-քննարկումը կնախագահի Ovum ընկերության գլխավոր խորհրդատու Ջուլի Կունցլերը՝ AT&T, Verizon, և Vodafone Group ընկերությունների ներկայացուցիչների հետ համատեղ:
Calix ընկերության տարածքային գրասենյակի փոխնախագահ Ջոզեֆ Հադդադը նշել է, որ Ucom-ը, ինելով Calix AXOS E-Series համակարգերով NG-PON2 ծառայությունները Հայաստանում առաջինը գործարկող ընկերություն, կշարունակի իր գործունեությամբ տարբերվել հեռահաղորդակցության շուկայի մյուս մասնակիցներից և պահպանել առաջատարի իր դիրքն այս ոլորտում ծառայություններ մատուցող այլ ընկերությունների նկատմամբ:
«NG-PON2 ծառայություններն, իսկապես, նոր շունչ կհաղորդեն Ucom-ի՝ որպես հեռահաղորդակցության ծառայություններ մատուցող ընկերության գործունեությանը, որը ցանկանում է օգուտ քաղել շարժական և ամրակցված կապի ծառայությունների համակցման առավելություններից, ինչպես նաև Հայաստանին, որի քաղաքացիները ձգտում են հասանելիություն ունենալ առաջատար լայնաշերտ ծառայություններին: Մենք շատ հպարտ ենք Ucom ընկերության հետ մեր բազմամյա համագործակցության համար, որի նպատակն է վերափոխել Ucom-ի ցանցը, և ակնկալում ենք, որ այս ընկերությունը կունենա շարունակական հաջողություններ, քանի որ NG-PON2 տեխնոլոգիաների գործարկմամբ Ucom-ի ցանցն ու վերջինիս կողմից մատուցվող ծառայությունները կտեղափոխվեն մեկ այլ՝ նոր մակարդակ», - ասել է նա:
Ucom (Universal Communications) ընկերությունը հիմնադրվել է 2007 թ.–ին և զբաղվում է հեռահաղորդակցական ծառայությունների տրամադրմամբ։ Ericsson–ի աջակցությամբ ընկերությունը ստեղծել է լայնաշերտ հասանելիության ցանց` տրամադրելով ինտերնետային, IP հեռուստատեսության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ։
2015 թ.–ի սեպտեմբերին Ucom–ը ձեռք բերեց Orange Armenia ընկերության (ապրանքանիշը` Orange, France Telecom–ի նախկին դուստրը) բաժնետոմսերի 100 տոկոսը, որը հայկական շուկայում գործում էր 2009 թ.–ի նոյեմբերի 5–ից։ Ընկերությունն արդեն հայտարարել է միաձուլման մասին և իրականացրել է վերաբրենդավորում։ -0-