USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+8

Ucom Հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրի շնորհիվ` ևս մեկ ընտանիք կայուն եկամուտ ապահովելու հնարավորություն ունի

29.09.2016, 13:13
Ucom Հիմնադրամի և World Vision Armenia-ի «Պահենք երեխաներին ընտանիքում» բարեգործական նախագծի շնորհիվ`  ևս  մեկ ընտանիք ձեռք բերեց կայուն եկամուտի աղբյուր:
Ucom Հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրի շնորհիվ` ևս մեկ ընտանիք կայուն եկամուտ ապահովելու հնարավորություն ունի

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Ucom Հիմնադրամի և World Vision Armenia-ի համատեղ ջանքերով իրականացվող «Պահենք երեխաներին ընտանիքում» բարեգործական նախագծի շնորհիվ` Ucom-ի բաժանորդներն այս ամիս ևս աջակցեցին մեկ ընտանիքի կայուն եկամուտի աղբյուր ստեղծելու գործում:

Ընկերության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, այս անգամ աջակցությունը տրամադրվել է Արագածոտնի մարզի գյուղական համայնքներից մեկում բնակվող երկու զավակների ծնողներ՝ Սերոբի և Ծաղիկի ընտանիքին:

Ընտանիքը համայնք է տեղափոխվել մեկ տարի առաջ: Ընտանիքի մոր առողջական խնդիրները լուծելու նպատակով նրանք ստիպված են եղել վաճառել քաղաքի իրենց բնակարանը, իսկ մնացած գումարով տուն են գնել գյուղում:

«Երեխաներից Քնարիկը գնում է դպրոց, իսկ երկու տարեկան Գայանեն տանն է՝ սիրող ու հոգատար ծնողների ու տատիկի ուշադրության կենտրոնում: Այս ընտանիքը բնակվում է ծայրահեղ աղքատ պայմաններում, տանը չկան սանիտարահիգիենիկ հարմարություններ: Տունն ունի նաև ջեռուցման խնդիր», - նշվում է հաղորդագրության մեջ։

Ընտանիքի չափահաս անդամները չունեն հիմնական աշխատանք, իսկ նրանց եկամտի միակ աղբյուրը Սերոբի և Գայանե տատիկի սեզոնային աշխատանքն է՝ հովվությունը և մոր՝ Ծաղիկի հիվանդության թոշակը: Համայնքում չկան աշխատատեղեր, ինչը բարդացնում է կայուն եկամտի ապահովման հարցը:

«Պահենք երեխաներին ընտանիքում» ծրագրի շրջանակում, հաշվի առնելով անասնապահության դերն ընտանիքի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման գործում, Սերոբին տրամադրվել է կով, հավ և անասնակեր՝ անասնապահական աշխատանքները սկսելու, սննդի և վառելիքի հարցը որոշակի չափով լուծելու, ինչպես նաև՝ եկամուտ ապահովելու համար: Ընտանիքի ծնողները վստահ են, որ այժմ արդեն կկարողանան ապահովել իրենց ընտանիքի առաջնային կարիքները և երեխաներին պահել տանը՝ ծնողական հոգածության ներքո, նշվում է ընկերության հաղորդագրության մեջ:

«Մենք շնորհակալ ենք Ucom-ի բաժանորդներին այս ծրագրի իրականացմանն ուղղված յուրաքանչյուր դրամի համար: Ucom Հիմնադրամն, ինչպես միշտ, կրկնապատկում է նրանցից յուրաքանչյուրի ներդրումը և ջանքեր է գործադրում, որ ծրագիրը շարունակական բնույթ կրի, և երեխաները մեծանան՝ ծնողական սիրով ու ջերմությամբ շրջապատված», - ասել է Ucom Հիմնադրամի տնօրեն Աշոտ Բարսեղյանը:

«World Vision-ը բազմամյա փորձ ունի խոցելի և անապահով ընտանիքների հետ աշխատանքի ոլորտում և իր փորձագետների ու սոցիալական աշխատողների ջանքերով կազմակերպում է մասնագիտական աշխատանքներ` ընտանիքների հետ մշակելով անհատական զարգացման պլաններ: Այս աշխատանքների առանցքային նպատակն է բարելավել յուրաքանչյուր ընտանիքի սոցիալ-տնտեսական վիճակը, ինչի արդյունքում էլ ծնողները կշարունակեն երեխաներին պահել ընտանիքում», - ասել է World Vision Armenia-ի ծրագրերի տնօրեն Ժիրայր Էդիլյանը:

Ucom Հիմնադրամի և World Vision Armenia կազմակերպության «Պահենք երեխաներին ընտանիքում» համատեղ ծրագիրը Ucom-ի բաժանորդներին հնարավորություն է տալիս յուրաքանչյուր ամիս նվիրաբերել 200 կամ 500 դրամ՝ SMS ուղարկելով 1234 կամ 5678 կարճ համարներին: Ամսվա վերջում Ucom Հիմնադրամը կրկնապատկում է ամսվա ընթացքում հավաքագրված գումարը և ուղղում այն ծրագրի իրականացմանը: Ծրագրի շրջանակում սոցիալապես անապահով ընտանիքներն ստանում են միջոցներ և սարքավորումներ, որոնք իրենց եկամտի կայուն աղբյուր ապահովելու և երեխաներին ընտանիքում մեծացնելու հնարավորություն են ընձեռում:

Ucom (Universal Communications) ընկերությունը հիմնադրվել է 2007 թ.–ին և զբաղվում է հեռահաղորդակցական ծառայությունների տրամադրմամբ։ Ericsson–ի աջակցությամբ ընկերությունը ստեղծել է լայնաշերտ հասանելիության ցանց` տրամադրելով ինտերնետային, IP հեռուստատեսության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ։ 2015 թ.–ի սեպտեմբերին Ucom–ը ձեռք բերեց Orange Armenia ընկերության (ապրանքանիշը` Orange, France Telecom–ի նախկին դուստրը) բաժնետոմսերի 100 տոկոսը, որը հայկական շուկայում գործում էր 2009 թ.–ի նոյեմբերի 5–ից։ Ընկերությունն արդեն հայտարարել է միաձուլման մասին և իրականացրել է վերաբրենդավորում։-0-