Ucom-ի և ՀԱՆ–ի համատեղ ծրագրի շրջանակում ավելի քան 2500 մարդու տրամադրվել են անվճար ակնաբուժական ծառայություններ

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) և Ucom ընկերության համագործակցությամբ Արարատի մարզում ավարտին են մոտենում ակնաբուժական անվճար ծառայություններ մատուցելու աշխատանքները, հաղորդում է Ucom ընկերության մամուլի ծառայությունը։
«Լույս հայի աչքերին» ծրագրի շրջանակում Արարատի մարզի Արտաշատի և Մասիսի տարածաշրջանում իրականացվել են ակնային զննումներ, Աչքի շարժական հիվանդանոցում խորացված հետազոտություններ, լազերային միջամտություն և վիրահատություններ: Այժմ Աչքի շարժական հիվանդանոցն աշխատում է Արարատ քաղաքում:
Ծրագրի շրջանակում Արարատի մարզի Մասիսի և Արտաշատի տարածաշրջաններում տեսողության ստուգում է անցել ավելի քան 2500 մարդ, որոնցից շուրջ 630-ը Աչքի շարժական հիվանդանոցում խորացված հետազոտության է ենթարկվել, 230–ը վիրահատվել է և շուրջ 60–ը ստացել է լազերային բուժում: Արարատի մարզում աշխատանքները կշարունակվեն մինչև այս ամսվա վերջ, որից հետո ծրագիրը կշարունակվի Վայոց Ձորում:
«Ծրագրի արդյունավետության մասին կարելի է դատել այն գոհունակությունից, որ արտահայտում են մեր շահառուները: Այս համագործակցության շնորհիվ կարողանում ենք շատերին օգնել: Այստեղ սոցիալապես անապահով մարդիկ են, մեծ ընտանիքների ծնողներ, Սիրիայից Հայաստան տեղափոխված հայրենակիցներ, մարդիկ, ովքեր չէին կարող իրենց հոգսը հոգալ, եթե չլիներ այս օգնությունը», - մարզային այցելության ժամանակ ասել է Հայկական ակնաբուժության նախագծի հայաստանյան գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանը:
«Որպես ընկերություն և որպես հայ մարդ` մենք միշտ պատրաստ ենք աջակից լինել նման կարևոր գործին: Կարծում եմ սա ազգանվեր գործ է: Սա շատ լուսավոր նախագիծ է, որը ներշնչում է հույս ու հավատ: Այս նախագիծն ունի ճիշտ անվանում՝ «Լույս հայի աչքերին»: Սակայն սա դեռ սկիզբն է, դեռ առջևում են ևս մի քանի մարզեր, դեռ բազմաթիվ մարդիկ կվերգտնեն իրենց աչքի լույսը», - ասել է Ucom ընկերության տնօրեն Հայկ Եսայանը:
14 երեխաների մայր Ասյա Կիրակոսյանը, որ 1988-ի Բաքվի ջարդերից է փախել, արդեն երկար տարիներ ապրում է Արարատի մարզի Դեղձուտ գյուղում: Տիկին Ասյան 25 թոռ ունի, 10 ծոռ, սակայն սոցիալական պայմանները դժվար են: «Գոնե քայլելիս չեմ ընկնի, մարդկանց կճանաչեմ», - ասել է նա, ով վիրահատության հաջորդ օրն արդեն հավաստիացրեց, որ դրական տարբերություն է տեսնում:
Մեկ այլ հիվանդ՝ սիրիահայ Օսաննա Գյուլդարյանը, Հայաստանում է արդեն 9 ամիս:
«Մինչ Հայաստան գալը չգիտեի, որ կատարակտ ունեմ, այստեղ բժիշկներն ասացին՝ վիրահատություն է անհրաժեշտ: Վախենում էի, սակայն ամեն ինչ լավ անցավ», - ասել է 60-ամյա կինը, ով երկար տարիներ դերձակ է աշխատել, սակայն տեսողության խնդիրների պատճառով ստիպված է եղել դադարեցնել աշխատանքը:
Արարատի մարզում աշխատանքները կշարունակվեն մինչև մայիսի վերջ, որից հետո ծրագիրը կշարունակվի Վայոց Ձորում:
Ucom (Universal Communications) հայկական ընկերությունը հիմնադրվել է 2007 թ.–ին։ Լինելով Հայաստանի հեռահաղորդակցական շուկայի առաջատարներից մեկը` ընկերությունը տրամադրում է այդ ոլորտի ծառայությունների ողջ շրջանակը` գերարագ սիմետրիկ ինտերնետ, IP–հեռուստատեսություն, թվային հեռախոսային ծառայություններ, բջջային կապի ծառայություններ։ Ucom–ը, Ericsson ընկերության աջակցությամբ, Հայաստանում ստեղծում է նոր սերնդի խոշորագույն օպտիկամանրաթելային ցանցը։ –0–