U!Pay վիրտուալ դրամապանակը հասանելի է ներբեռնման համար
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ucom ընկերության կողմից ստեղծված և ԻԴՐԱՄ-ի օժանդակությամբ գործարկված U!Pay վիրտուալ դրամապանակի հավելվածն արդեն հասանելի է App Store-ից և Play Store-ից ներբեռնման համար, հաղորդում է Ucom–ի մամուլի ծառայությունը։
Ներբեռնումը բոլորովին անվճար է:
U!Pay-ը օգտագործողին հնարավորություն է ընձեռում վճարումներ կատարել ոչ միայն Ucom-ի ֆիքսված և շարժական ծառայությունների համար, այլև իրականացնել կոմունալ վճարումներ, վարկերի մարումներ, հարկերի և տուրքերի, ճանապարհային ոստիկանության տուգանքների վճարումներ անմիջապես սմարթֆոնից, անկախ գտնվելու վայրից:
Ծրագիր մուտք գործելու համար անհրաժեշտ է ընդամենը մեկ անգամ գրանցվել U!Pay համակարգում, իսկ վճարումներ իրականացնելու համար անհրաժեշտ է լիցքավորել վիրտուալ դրամապանակը հասանելի միջոցներից որևէ մեկով:
U!Pay հաշվին հնարավոր է կցել ՀՀ բանկերի կողմից թողարկված մինչև 10 հատ ArCa, MASTERCARD և VISA քարտեր և ավտոմատ կերպով համալրել U!Pay դրամապանակի հաշիվը, կամ վճարումներ կատարել՝ ընտրելով կցված քարտերից որևէ մեկը որպես վճարման միջոց:
Կցված բանկային քարտերի տվյալները պահպանվում են ArCa համակարգում, որն ունի PCI DSS (Payment Card Industry Data Security Standard) վճարային քարտերի տվյալների պահպանման անվտանգության միջազգային հավաստագիր:
Ucom (Universal Communications) ընկերությունը հիմնադրվել է 2007 թ.–ին և զբաղվում է հեռահաղորդակցական ծառայությունների տրամադրմամբ։ Ericsson–ի աջակցությամբ ընկերությունը ստեղծել է լայնաշերտ հասանելիության ցանց` տրամադրելով ինտերնետային, IP հեռուստատեսության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ։ 2015 թ.–ի սեպտեմբերին Ucom–ը ձեռք բերեց Orange Armenia ընկերության (ապրանքանիշը` Orange, France Telecom–ի նախկին դուստրը) բաժնետոմսերի 100 տոկոսը, որը հայկական շուկայում գործում էր 2009 թ.–ի նոյեմբերի 5–ից։ Ընկերությունն արդեն հայտարարել է միաձուլման մասին և իրականացրել է վերաբրենդավորում։ -0-