Գյումրիի տեխնոլոգիական պարկը համալրվեց երկու նոր կառույցով
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի. /ԱՌԿԱ/. Գյումրիի տեխնոլոգիական պարկը երկուշաբթի պաշտոնապես համալրվեց երկու նոր կառույցով` «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնով և ողջ աշխարհում հայտնի IT D-Link International կազմակերպության ներկայացուցչությունով։
«Թումոյի» նորակառույց շենքում առկա է 60 աշխատանքային կետ, որոնք հնարավորություն են տալիս հյուրընկալել 700 ուսանողի:
«Սիմոնյան» կրթական հիմնադրամի ղեկավար Մարի Լու Փափազյանի խոսքերով` հույս կա, որ մոտ ապագայում նոր «Թումոն» կարողանալու է հյուրընկալել մոտ 1000 մարդ:
«Մենք ցանկանում ենք ընդլայնել «Թումոն» Գյումրիում, որը գործնականում ոչնչով չի տարբերվում երևանյան «Թումոյից» Միակ տարբերությունն այն է, որ Երևանում ուսանում է 6000 ուսանող։ Մենք պետք է անենք հնարավոր ամեն բան, որպեսզի մայրաքաղաքի և Գյումրիի կենտրոններն իրարից չտարբերվեն», –լրագրողներին ասաց Փափազյանը։
Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, որը ներկա է գտնվել երկու կառույցների բացմանը, ծանոթացել է նրանց գործունեությանը։ Գյումրիում «Թումո» կենտրոնի ստեղծումը նախաձեռնել է ՀՀ Նախագահը։
Գյումրիում նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել նաև ցանցային և հաղորդակցության սարքավորումներ նախագծող և արտադրող «D-Link International» ընկերության նորակառույց հետազոտական կենտրոնի բացման արարողությանը, որի զարգացման երկարաժամկետ ծրագրերից է Հայաստանը դարձնել տեղեկատվական տեխնոլոգիաների տարածաշրջանային հետազոտական կենտրոն` նոր ծրագրերի լուծումների և մշակման համար։
«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը բացվել է Երևանում 2011 թ.–ի օգոստոսին։ Կենտրոնում ՏՏ ոլորտում անվճար ուսում են ստանում 12–18 տարեկան պատանիները։ Կենտրոնի նպատակն է ծանոթացնել հայ պատանիներին առաջատար տեխնոլոգիաներին, ինչպես նաև հնարավորություն տրամադրել ՏՏ ոլորտի խորացված ուսումնասիրման համար։
Կենտրոնի բացվելուց հետո այնտեղ ուսում է ստացել ավելի քան 10 հազար մարդ։ 2013 թ.–ին ՀՀ ԿԲ–ի աջակցությամբ «Թումո» կենտրոն է բացվել Դիլիջանում, շուտով նախատեսվում է Թումոյի ստորաբաժանում բացել նաև Ստեփանակերտում։
«D-Link» ընկերությունը հիմնադրվել է 1986 թ. Թայվանում։ Կազմակերպության ավելի քան 90 տարածաշրջանային գրասենյակներ իրացնում են սարքավորումներ և սպասարկում են աշխարհի շուրջ 110 երկրներ։ Կազմակերպությունում ներկա պահին աշխատում է ավելի քան 2000 մարդ, իսկ մասնաճյուղերի հետ միասին` 4000։ -0-