Beeline–ը մասնակցել է Հայաստանի թափուր աշխատատեղերի ամենամյա տոնավաճառին
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի. /ԱՌԿԱ/. «ԱրմենՏել» ընկերությունը (Beeline ապրանքանիշ) մասնակցել է Զբաղվածության պետական ծառայության կազմակերպած թափուր աշխատատեղերի ամենամյա տոնավաճառին, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
Beeline-ի Աշխատակազմի համալրման բաժնի աշխատակիցները ներկայացրեցին աշխատանքի տոնավաճառի այցելուներին և աշխատանք փնտրողներին Հայաստանում «3-րդ սերունդ» ստաժավորման ծրագիրն, ինչպես նաև աշխատատեղերի լայն ընտրության հնարավորություն` սկսած տեխնոլոգիական, վարչական և ֆինանսական գործառույթներից, վերջացրած հաճախորդների սպասարկումով՝ թե՛ մասնավոր ու թե՛ կորպորատիվ հատվածներում։
«Մենք աշխատում ենք շատ դինամիկ և մշտապես զարգացող շուկայում, որտեղ ծառայությունները, ապրանքները և տեխնոլոգիաները փոխվում են շատ արագ։ Հանդիսանալով խոշորագույն գործատուներից մեկը Հայաստանում՝ մենք մշտապես մասնակցում ենք նման միջոցառումների և փորձում մեր ընկերության կազմում ներգրավել նոր գաղափարներով հարուստ և բազմակողմանի զարգացած երիտասարդների, ովքեր հետաքրքրված են ժամանակակից տեխնոլոգիաներով»,– նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Ըստ նրա` Beeline-ը շարունակում է օգնել երիտասարդներին փոխել իրենց կյանքը դեպի ավելի լավը՝ ընձեռելով հնարավորություն երկրի առաջատար օպերատորի օրինակով ուսումնասիրել խոշոր ընկերության աշխատանքը, անցնել զարգացման հետաքրքիր ճանապարհ և նույնիսկ դուրս գալ միջազգային ասպարեզ։
«Մենք պարբերաբար և մեծ ուրախությամբ մասնակցում ենք նմանատիպ միջոցառումներին, այցելում տարբեր բուհեր և տաղանդավոր ուսանողներին հրավիրում «3-րդ սերունդ» ստաժավորման ծրագրին: Այսօր մենք փորձում ենք գտնել տաղանդավոր մասնագետների և ուսանողների, ովքեր կհամալրեն «3-րդ սերունդ» ծրագիրը»,– նշեց Հայաստանում Beeline-ի Մարդկային ռեսուրսների կառավարման և կազմակերպական զարգացման տնօրեն Մարինե Գալստյանը։
Նրա խոսքով` ծրագիրն արդեն 8 տարի շարունակ իրագործվում է ընկերության կողմից, որի շնորհիվ ավելի քան 90 փորձնակ անցել է պրակտիկա, իսկ նրանց կեսն ընկերությունում հիմնական աշխատանքի է անցել։
2014 թվականի ընթացքում Beeline-ը մասնակցել է չորս խոշոր աշխատանքային տոնավաճառի, մասնավորապես` Հայաստանի պետական տնտեսագիտական և Հայաստանի Ֆրանսիական համալսարաններում, ամենամյա DigiTec Expo տեխնոլոգիական ցուցահանդեսի շրջանակում, ինչպես նաև «Լույս» հիմնադրամի կողմից Դիլիջանում կազմակերպված տոնավաճառին: Տոնավաճառների արդյունքներով ստացվել է մոտ 200 ռեզյումե։ Հայցորդները, ովքեր առավել համապատասխանում են Beeline–ի ակնկալիքներին, հրավիրվում են մասնակցելու մրցույթների և հարցազրույցների։
Նշենք, որ «3-րդ սերունդ» ստաժավորման ծրագիրը մեկնարկել է 2008թ.-ին: Այդ ընթացքում 76 ուսանող անցել է արտադրական պրակտիկա, որոնցից 37-ը դարձել է Beeline–ի աշխատակից: Beeline–ի «3-րդ սերունդ» ստաժավորման ծրագրին կարող են մասնակցել բարձր կուրսի ուսանողները՝ սկսած 3-րդ կուրսից: Ստաժավորման ծրագրին մասնակցելու համար հայտերն ընդունվում են ամեն տարի ապրիլից մինչև մայիսի 30–ը:
«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։–0–