USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
-3

Սթիվ Ջոբսը «հայտնվել է» Երևանում անցկացվող «Digitec Expo 2012» ցուցահանդեսի ընթացքում

05.10.2012, 18:37
«Digitec Expo 2012» ամենամյա միջազգային ցուցահանդեսի կազմակերպիչները հիշել են Apple ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսին`իր մահվան տարելիցի կապակցությամբ։
Սթիվ Ջոբսը «հայտնվել է» Երևանում անցկացվող «Digitec Expo 2012» ցուցահանդեսի ընթացքում
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Digitec Expo 2012» ամենամյա միջազգային ցուցահանդեսի կազմակերպիչները հիշել են Apple ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսին`իր մահվան տարելիցի կապակցությամբ։

Արտաքինով Ջոբսին շատ նման դերասանը կանգնել է ցուցահանդեսի տաղավարներից մեկում` Ջոբսի հանրահայտ սև վերնաշապիկով և iPhone-ը ձեռքին։ Այսպիսով, կազմակերպիչները հարգանքի տուրք են մատուցել մեծ գործարարի և գյուտարարի հիշատակին։

Ջոբսի նմանակի հետ լուսանկարվել են ցանկացել ոչ միայն ցուցահանդեսի մասնակիցները, այլև՝ այցելուները։

Ուղիղ մեկ տարի առաջ աշխարհին ցնցեց Սթիվ Ջոբսի մահվան լուրը: Նրա անունը լեգենդ  էր դարձել դեռ կյանքի օրոք` առաջին հերթին իր գլխավոր ստեղծագործությանը` Apple ընկերությանը նվիրված լինելու շնորհիվ։

Մահվանից նույնիսկ մեկ տարի անց Սթիվ Ջոբսի անունն անընդմեջ հիշատակվում է լուրերում։ Ճիշտ է՝ մեծ մասամբ դա հանրությանը գրավելու միջոց է, քանի որ  Apple–ի հիմնադրի անունը երբեմն շատ ավելի հեշտ է որպես գովազդի միջոց ծառայում, քան նրա արտադրած սարքերը։

Ջոբսի անձի հանդեպ հետաքրքրության ճարտար վկայությունն է նրա պաշտոնական կենսագրության հանդեպ առկա մեծ հետաքրքրությունը։ Ուոլթեր Այզեքսոնի գիրքը լույս տեսավ 2011թ.–ի վերջին և անմիջապես մեծ ճանաչում ստացավ, սակայն այժմ նույնպես բավական ակտիվ է վաճառվում։ Ջոբսի կյանքի հետ կապված ցանկացած փաստ օրվա լուր է դառնում, և վերջին ամիսներին արձագանք ստացան մի քանի հարցազրույցները, որոնք առանձնապես հայտնի չէին հանրությանը և որոնք Apple–ի հիմնադիրը տվել էր իր գործունեության նախկին տարիներին։

«DigiTec Expo 2012» ամենամյա ութերորդ ցուցահանդեսն անցկացվում է հոկտեմբերի 5–7–ը Էքսպո կենտրոնում, որը տեղակայված է Երևանի Մերգելյանի անվան ինստիտուտի տարածքում։

Ցուցահանդեսին մասնակցում է շուրջ 130 հայկական և արտասահմանյան ընկերություն, որոնք երեք օրվա ընթացքում կցուցադրեն ամենավերջին նորարար սարքավորումները և համակարգերը, ինժեներական և բարձր տեխնոլոգիական լուծումները, ծրագրային ապահովումը։ –0–