Սիլիկոնային հովտում անցկացվելիք ArmTech կոնգրեսի ընթացքում հատուկ ուշադրություն կդարձվի Հայաստանում նորարարական հետազոտությունների զարգացմանը
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Դեկտեմբերի 10-11-ն ամերիկյան Սիլիկոնային հովտում անցկացվելիք ArmTech կոնգրեսի ընթացքում հատուկ ուշադրություն կդարձվի Հայաստանի նորարարական հետազոտությունների զարգացմանը, հինգշաբթի լրագրողներին ասաց «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (Enterprises Incubator foundation, EIF) տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:
«Կոնգրեսի ընթացքում կներկայացվի ոչ միայն Հայաստանի ներդրումային միջավայրը, ազատ առևտրի գոտու և տեխնոպարկի ստեղծման վերաբերյալ կառավարության նախաձեռնությունները, այլ նաև հատուկ ուշադրություն կհատկացվի նորարարական հետազոտությունների, կրթության և գիտության զարգացման վրա»,- ասաց Ենգիբարյանը:
Ըստ նրա՝ նաև կարևոր է Ստենֆորդի համալսարանում կոնգրեսի անցկացումը, որը ոչ միայն տարածք է տրամադրում, այլ նաև լուրջ բովանդակալից մասնակցություն է ունենում՝ այդ միջոցառմանը լրացուցիչ արժեք հաղորդելով:
«Օրակարգից դատելով` կոնգրեսի չորս հարթակներից երկուսին կմասնակցի ՀՀ վարչապետը: Դա նշանակում է, որ քննարկումները նպատակային կլինեն և կոնկրետ արդյունքների կհանգեցնեն»,- ասաց Հիմնադրամի ղեկավարը:
Ենգիբարյանը նաև ճիշտ է համարում Հայաստանում և Սիլիկոնային հովտում կոնգրեսի հաջորդական անցկացումը:
«ArmTech կոնգրեսին մասնակցող ընկերությունների շատ ղեկավարներ երբեք ոչ միայն Հայաստանում չեն եղել, այլ նաև տարածաշրջանում, հետևաբար նրանք հնարավորություն ունեն Հայաստանի միջոցով ծանոթանալ տարածաշրջանին, հայկական կառավարության ներկայացուցիչների հետ քննարկել արդի հարցերը»,- նշեց նա:
Էկոնոմիկայի նախարարությունում կարծում են, որ դա թույլ կտա նոր բիզնես և ներդրումային հնարավորություններ բացահայտել, նոր կապեր ստեղծել և ընդլայնել մասնագիտական ցանցը
Կոնգրեսին զեկուցումներով հանդես կգան պետական մարմինների, գիտական և կրթական հաստատությունների և Հայաստանի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Եվրոպայի և ԱՊՀ երկրների մասնավոր հատվածի ներկայացուցիչներ:
«Նրանց մասնակցությունը նոր որակ կհաղորդի կոնգրեսին, կբարձրացնի հետաքրքրությունը Հայաստանում արագ զարգացող տեղեկատվական ու բարձր տեխնոլոգիաների ոլորտի նկատմամբ: Կառավարությունը ArmTech կոնգրեսը մի հարթակ է համարում, որը թույլ է տալիս քննարկել, ծրագրել և իրականացնել այն նախաձեռնությունները, որոնք ուղղված են Հայաստանի տնտեսական և տեխնոլոգիական ձեռքբերումների ամրապնդմանը, ինչպես նաև նրա վարկանիշի բարձրացմանը՝ որպես արագ զարգացող տեխնիկական ոլորտ ունեցող երկիր»,- ասվում է Էկոնոմիկայի նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
ArmTech-ը հաջորդաբար անցկացվում է Կալիֆոռնիայի Սիլիկոնային հովտում և Հայաստանում: Առաջին կոնգրեսն անցկացվել է 2007թ.-ի հուլիսի 4-7-ը Սան Ֆրանցիսկոյում: -0-