USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
0

Ռուբեն Ջաղինյանն ընտրվել է Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ

05.03.2013, 18:00
«Շարմ Հոլդինգ» ՍՊԸ տնօրեն Ռուբեն Ջաղինյանը երեքշաբթի ընտրվել է Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հաղորդեցին Խորհրդից։
Ռուբեն Ջաղինյանն ընտրվել է Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի. /ԱՌԿԱ/. «Շարմ Հոլդինգ» ՍՊԸ տնօրեն Ռուբեն Ջաղինյանը երեքշաբթի ընտրվել է Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հաղորդեցին Խորհրդից։

«Քվեարկությանը մասնակցել են Խորհրդի բոլոր չորս անդամները` Նառա Շլեպչյանը, Ստեփան Զաքարյանը, Սարգիս Մուրադխանյանը և Մերուժան Տեր–Գուլանյանը»,– ասաց գործակալության զրուցակիցը։

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել «Շարմ Հոլդինգ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Ռուբեն Ջաղինյանին Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ նշանակելու մասին`վեց տարի ժամկետով։

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի անցկացման կարգի համաձայն, մինչ Հանրապետության ղեկավարի հրամանագիրը, ՀՀ նախագահի կարգադրությամբ ստեղծված մրցութային հանձնաժողովը, փետրվարի 26-ի նիստում քննարկելով մրցույթին մասնակցելու համար ներկայացված 2 դիմումը, որոշում է կայացրել հաղթող ճանաչել մրցույթի պահանջները բավարարող դիմումատուներին՝ Ռուբեն Ջաղինյանին և Աստղիկ  Ավետիսյանին:

Պաշտոնում Խորհրդի ներկա նախագահ Ալեքսան Հարությունյանի ժամկետը լրացել է փետրվարի 1-ին։ Ըստ ՀՀ օրենսդրության` մրցույթն անցած թեկնածուների ցուցակը ներկայացվում է ՀՀ նախագահին։ Նախագահը նրանցից մեկին նշանակում է խորհրդի անդամ, իսկ խորհուրդը նիստի ժամանակ ընտրում է խորհրդի նախագահ։

Ռուբեն Ջաղինյանը ծնվել է 1969 թվականի ապրիլի 28-ին, Երևանում: 1994թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի էլեկտրատեխնիկական ֆակուլտետը:

2005–2009թթ.–ին ղեկավարել է «Երևան» ամսագրի նախագիծը։ 1991 թվականից մինչ նշանակումը եղել է «Շարմ Հոլդինգ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենը։  2005թ.–ից` Հեռուստատեսության և ռադիոյի միջազգային ակադեմիայի (IATR /ՌԴ/ ) ակադեմիկոս, իսկ 2006թ.-ից` Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ։

1992թ.–ին դարձել է Երևանի բժշկական համալսարանի թիմի կազմում ՈՒՀԱ–ի Գերագույն լիգայի չեմպիոն։  Աշխատանքային գործունեության շրջանակներում` հանդես է եկել որպես մի շարք նախագծերի և հաղորդումների  հեռուստատեսային փուլերի հեղինակ և պրոդյուսեր։

Տարբեր տարիների պարգևատրվել է «Գարեգին Նժդեհ», «Մովսես Խորենացի» մեդալներով, Մշակույթի նախարարության ոսկե մեդալով, ինչպես նաև արվեստի ոլորտում ունեցած ավանդի համար ՀՀ նախագահի մրցանակով։

Ամուսնացած է, ունի երկու դուստր։ –0–