USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

Ռոստելեկոմը նախատեսում է 2015թ.–ին Հայաստանում նոր ծառայություններ ներդնել. Ֆարամազյան

24.12.2014, 15:43
Ռոստելեկոմը նախատեսում է 2015թ.–ին Հայաստանում տեխնոլոգիական նոր ծառայություններ ներդնել, երեքշաբթի լրագրողներին Ծաղկաձորում ասաց «GNC-ALFA» ընկերության (Ռոստելեկոմի հայկական դուստրը) գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։
Ռոստելեկոմը նախատեսում է 2015թ.–ին Հայաստանում նոր ծառայություններ ներդնել. Ֆարամազյան
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ռոստելեկոմը նախատեսում է 2015թ.–ին Հայաստանում տեխնոլոգիական նոր ծառայություններ ներդնել, երեքշաբթի լրագրողներին Ծաղկաձորում ասաց «GNC-ALFA» ընկերության (Ռոստելեկոմի հայկական դուստրը) գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

Նրա խոսքով` հաջորդ տարի ընկերությունը հիմնական շեշտը դնելու է գոյություն ունեցող ծառայությունների ընդլայնման և տեխնոլոգիական նորույթների ներդրման վրա։

«GNC-ALFA» CJSC–ի գլխավոր տնօրենը նշեց, որ ընկերության ցանցի ծածկույթն այսօր կազմում է Երևանի բարձրահարկ շենքերի մոտ 80 տոկոսը, նախատեսվում է նաև ընդլայնել ծառայությունները մասնավոր հատվածում, ինչի կապակցությամբ կատարվում են հաշվարկներ, մշակվում է բիզնես ծրագիր և նախատեսվում է ընդլայնել ծառայությունները։ Բացի այդ, ընկերությունը Հայաստանի 19 քաղաքում ավարտել է «Օպտիկան դեպի յուրաքանչյուր բնակարան» ցանցի կառուցման ծրագիրը, 26–ի է հասցրել վաճառքի կետերի թիվը, իսկ ընկերության բաժանորդների բազան տարվա ընթացքում ավելացել է գրեթե 2,5 անգամ և հասել է 26 հազար բաժանորդի։

«Այսօրվա դրությամբ ընկերությունն ապահովում է Հայաստանի բնակչության ավելի քան 50 տոկոսի ծածկույթը։ Քանի որ մեր տեխնոլոգիան առավելապես նախատեսված է բազմաբնակարան շենքերի համար, մենք արդեն ապահովել ենք մեր հիմնական հատվածն ու պատրաստ ենք քննարկել ու համակարգեր ներդնել երկրի մյուս քաղաքներում», – ասաց Ֆարամազյանը։

Նա նշեց, որ 2014թ.–ին ընկերությունը Երևանում ավարտել է 40 ԳԲ/վ թողունակությամբ ցանցի կառուցումը, որն ունի օղակաձև կառուցվածք, ինչը թույլ է տալիս մայրաքաղաքում անխափան և բարձր արագության ինտերնետ ապահովել։

Նրա խոսքով` արդիականացվել է ընկերության call-կենտրոնը, ընդլայնվել է ծառայությունների վճարային համակարգը, մասնավորապես` ծառայությունների վճարման համագործակցության հարցում պայմանավորվածություն է ձեռք բերվել երկրի հիմնական բանկերի հետ։

«Մենք նաև բարելավել ենք մեր կայքը, նախատեսում ենք շուտով գործարկել այն։ Արդիականացման շնորհիվ հնարավոր կլինի տանից գրանցվել ընկերության ծառայությունների համար», – ասաց Ֆարամազյանը։

Ընկերության ղեկավարն ընդգծեց, որ Ռոստելեկոմը հիմնական շեշտը դնելու է տրամադրվող ծառայությունների որակի բարձրացման և հաճախորդների սպասարկման վրա։

«2015թ.–ին նախատեսում ենք տեխնոլոգիապես նոր ծառայություններ ներդնել, կատարելագործվում են հեռուստատեսության ոլորտում տրամադրվող ծառայությունները ինչպես որակի, այնպես էլ տրամադրվող ծառայությունների հարցում», – ասաց Ֆարամազյանը։

Նրա խոսքով` ընկերությունը նախատեսում է լուրջ ռեսուրսներ ներդնել այս ուղղության մեջ, և կիրառվող նոր լուծումները թույլ կտան ընդլայնել տարբեր կրիչների վրա հեռուստատեսությունից օգտվելու հնարավորությունը։

Ընկերությունը նաև բավականին ակտիվ ծրագրեր իրականացնում է սոցիալական կորպորատիվ պատասխանատվության ոլորտում` ինտերնետ տրամադրելով կրթական հաստատություններին, անվճար Wi-Fi ապահովելով այգիներում։ Այս տարի Ռոստելեկոմը նախատեսում է կորպորատիվ երեկույթ անցկացնելու փոխարեն  նվերներ գնել Հայաստանի վեց մանկատների սաների համար։

«GNC-ALFA» ՓԲԸ-ն, որը «Ռոստելեկոմ» ԲԲԸ-ի հայկական դուստր ընկերությունն է, 2012 թ.-ի դեկտեմբերից սկսել է Հայաստանի տարածում Rostelecom ապրանքանիշով կապի ծառայությունների առաջխաղացում և վաճառք: 2012 թ.-ի վերջին Rostelecom-ն իր բաժանորդներին առաջարկել է գերարագ ինտերնետ և IP հեռուստատեսության և հեռախոսային կապի ծառայություններ:

GNC-ALFA ընկերության ցանցն ամբողջությամբ հիմնված է օպտիկամանրաթելային մալուխի վրա՝ ծածկելով ՀՀ տարածքի 80%-ն ու տարածվելով ավելի քան 2500 կմ: Ցանցը միացած է տարածաշրջանային հիմնական ուղիներին` Վրաստանի և Իրանի միջոցով:

«Ռոստելեկոմը» Ռուսաստանում դինամիկ կերպով զարգացող խոշորագույն հեռահաղորդակցական խումբն է, որը ծառայություններ է մատուցում երկրի ողջ տարածքում ոլորտի շուկայի բոլոր հատվածներում:

Ընկերությունն առաջատար դիրք է զբաղեցնում լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայությունների և վճարային հեռուստատեսության ռուսական շուկայում: Այժմ ընկերության բջջային կապի բաժանորդների թիվը կազմում է ավելի քան 13 մլն մարդ:-0-