«Ռոստելեկոմ Հայաստանը» կօգնի հայ բժիշկներին վեբ-կոնֆերանսի միջոցով ծանոթանալ բուժման ժամանակակից մեթոդներին
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի. /ԱՌԿԱ/. Գիտաբժշկական գրադարանը, «Ռոստելեկոմ Հայաստան» և «Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությամբ, սկսել է հեռահար բժշկության ծրագրի իրականացումը, որի օգնությամբ հայ բժիշկները հնարավորություն կստանան ծանոթանալ տարբեր հիվանդությունների բուժման ժամանակակից մեթոդներին։
Կապան քաղաքի բժիշկների համար նախատեսված առաջին վեբ-կոնֆերանսը երեքշաբթի անցկացրեց բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Ֆանարջյանը, ով պատմեց նրանց ուղեղի կաթվածի բուժման ժամանակակից մեթոդների մասին։
«Գիտաբժշկական գրադարանից և «Հայաստան» համահայկական հիմնադրամից (որը Հայաստանի և ԼՂՀ–ի տարբեր մարզերում հեռահար բժշկության ծրագիր է իրականացնում) ստանալով Հայաստանի մարզերի համար վեբ-կոնֆերանսների իրականացման գործում տեխնիկական օգնություն ցուցաբերելու առաջարկը` մենք անմիջապես որոշեցինք օգնել ծրագրի իրականացման հարցում` հատկապես հաշվի առնելով այն, որ ենթակառուցվածք ունենք, որը ծածկում է Հայաստանի գրեթե ողջ տարածքը», – լրագրողներին հայտարարեց «Ռոստելեկոմ Հայաստան» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։
Նա ավելացրեց, որ որոշումն ընդունվել է նաև հաշվի առնելով այն, որ իրենց ընկերությունը Հայաստանում առաջինն է, որը պրոֆեսիոնալ մակարդակով հնարավորություն է տալիս վեբ-կոնֆերանսներ անցկացնել Հայաստանի և արտերկրի միջև։
Ֆարամազյանը նշել է, որ որոշակի բաժանորդավճարի դիմաց «Ռոստելեկոմի» տրամադրած վեբ-կոնֆերանսների ծառայությունը վեբ-կոնֆերանսների այլ համակարգերից տարբերվում է նրանով, որ թույլ է տալիս չգնել թանկարժեք սարքավորումներ, ինչպես նաև ապահովում է տեղեկատվության հուսալի պաշտպանություն` ի տարբերություն Skype–ի վեբ-կոնֆերանսների, քանի որ ընկերությունը բաց ցանցերի փոխարեն օգտագործում է պաշտպանված փակ ցանցեր։
Ընկերության տնօրենի խոսքերով` իրենք մտադիր են հիմնադրամի հետ քննարկելուց հետո Հայաստանի մարզերում ընդլայնել ծրագիրը` ներգրավելով նոր բժշկական հաստատություններ։
«Միանշանակ մենք կփորձենք մեր հնարավորությունների չափով օգնել և անհատույց կերպով մասնակցել այս սոցիալական ծրագրին», – ավելացրել է նա։
«ՀայԲրիջ Տելեհելթ» ծրագրի ղեկավար, «Հայաստան» համահայկական հիմնադրամի նյույորքյան գրասենյակի տնօրենների խորհրդի անդամ Գևորգ Յաղջյանը նշել է, որ հեռահար բժշկության ծրագիրն ակտիվորեն գործում է ԼՂՀ–ում 2007 թ.–ից, և ուսումնասիրություններից հետո պարզվել է, որ «Ռոստելեկոմի» վեբ-կոնֆերանսների համակարգը լավագույնն է շուկայում։
«Այդ համակարգը հնարավորություն է տալիս ոչ միայն վեբ-կոնֆերանսներ կազմակերպել, այլև իրականացնել կառավարում և մենեջմենթ», – նշել է նա։
Յաղջյանի խոսքերով` վեբ-կոնֆերանսների ընթացքում հիմնական ուշադրության է արժանանալու սիրտ–անոթային և ուռուցքային հիվանդությունների բուժումը, որոնք Հայաստանում մահացության հիմնական պատճառներն են։ Նախատեսվում է ծրագրում ներգրավել Ռուսաստանի և ԱՄՆ–ի առաջատար հայ բժիշկներին։
«Ռոստելեկոմ Հայաստան» ընկերության «Վեբ կոնֆերանս տեսազանգ» ծառայությունը հնարավորություն է տալիս տեխնիկապես վեբ-կոնֆերանս կազմակերպել` ներգրավելով մինչև 50 մասնակից։
«GNC-ALFA» ՓԲԸ–ն «Ռոստելեկոմ» ԲԲԸ–ի հայկական դուստր ընկերությունն է, որը 2012 թ.–ի դեկտեմբերից Հայաստանի տարածքում «Ռոստելեկոմ» ապրանքանիշի ներքո կապի ծառայությունների վաճառք և առաջխաղացում է սկսել։ 2012 թ.–ի վերջին «Ռոստելեկոմն» իր բաժանորդներին առաջարկել է գերարագ ինտերնետ և IP հեռախոսակապ։–0–