Ռոստելեկոմի տնօրենների խորհուրդը գլխավորել է ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի. /ԱՌԿԱ/. «Ռոստելեկոմ» ընկերության Տնօրենների խորհրդի նախագահ է ընտրվել ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը, հաղորդում է «Ռոստելեկոմ» խմբի մամուլի ծառայությունը։ Իվանովին ընտրելու որոշումն ընդունվել է հունիսի 15–ի նիստի ժամանակ կայացած հեռակա քվեարկության միջոցով։
«Ռոստելեկոմի» տնօրենների խորհրդի կազմում ներառվել են նաև Գազպրոմբանկի գործադիր փոխնախագահ Ալեքսանդր Պչելինցևը, Մոսկվայի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Ալեքսանդր Աուզանը (նախկին կազմում ներառված չի եղել), Վնեշէկոնոմբանկի նախագահի առաջին տեղակալ Միխայիլ Պոլուբոյարինովը, «Ռոստելեկոմի» նախագահ Սերգեյ Կալուգինը։
Խորհրդի կազմից հեռացել է Telekom Malaysia–ի Տնօրենների խորհրդի անդամ, McKinsey–ի նախկին տնօրեն Դևիդ Բենելոն, ՌԴ հեռահաղորդակցության և կապի նախարարի խորհրդական Իգոր Կոզլովը, «Գազպրոմ–մեդիայի» նախկին ղեկավար Միխայիլ Լեսինը, հաղորդում է РБК–ն։
«Ռոստելեկոմի» տնօրենների խորհրդի կազմում Իվանովի թեկնածության առաջադրման մասին տեղեկատվությունը հայտնվեց 2015 թ.–ի մարտին։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել էր, որ պետությունը նման կերպով ցուցադրում է, որ կարևորում է հեռահաղորդակցական ոլորտում իր խոշորագույն ակտիվի հետագա զարգացումը։
«Ռոստելեկոմը» Ռուսաստանում գործող դինամիկ զարգացող խոշորագույն հեռահաղորդակցական խումբ է, որը ծառայություններ է տրամադրում ոլորտի շուկայի բոլոր հատվածներում։
Ընկերությունն առաջատար դիրք է զբաղեցնում լայնաշերտ ինտերնետ հասանելիության և վճարովի հեռուստատեսության ռուսական շուկայում։ Այժմ ընկերության բջջային կապի բաժանորդների թիվը կազմում է ավելի քան 13 մլն մարդ։
Հայկական շուկայում «Ռոստելեկոմ» ԲԲԸ–ն ներկայացնում է «GNC-ALFA» դուստր ընկերությունը, որը Rostelecom ապրանքանիշի ներքո Հայաստանի տարածքում իրականացնում է ծառայություններ առաջխաղացում և վաճառք։ 2012 թ.–ի վերջին Rostelecom–ն իր բաժանորդներին առաջարկեց գերարագ ինտերնետ և IP հեռուստատեսության ու հեռախոսակապի ծառայություններ։ –0–