USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. հունիսի 8, կիրակի
եղանակը
Երևանում
+27

Orange Armenia–ի բաժանորդները բոնուսներ կստանան ընկերության ծառայություններից ակտիվ օգտվելու համար

05.03.2013, 15:20
Orange Armenia ընկերությունը երեքշաբթի հայտարարեց նոր Orange Merci ծրագրի մեկնարկի մասին, որն ուղղված է ընկերության հավատարիմ բաժանորդներին:
Orange Armenia–ի բաժանորդները բոնուսներ կստանան ընկերության ծառայություններից ակտիվ օգտվելու համար
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի. /ԱՌԿԱ/.  Orange Armenia ընկերությունը երեքշաբթի հայտարարեց նոր Orange Merci ծրագրի մեկնարկի մասին, որն ուղղված է ընկերության հավատարիմ բաժանորդներին:

Ինչպես երեքշաբթի լրագրողներին հայտնեց Orange Armenia ընկերության գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը, այսուհետ բաժանորդները կպարգևատրվեն ընկերության մատուցած ծառայություններից մշտապես ակտիվ կերպով օգտվելու և հավատարիմ բաժանորդ լինելու համար:

«Այսօրվանից Orange Խոսենք ծառայության Պարզ, Իմ ընկերները, Իմ երկիրը, Իմ ժամանակը և Իմ համարները սակագնային պլանների բաժանորդները յուրաքանչյուր անգամ հաշիվը 500 կամ 1000 և ավելի դրամով լիցքավորելիս կստանան Orange Merci 15 և 50 միավորներ»,– ասաց Ժելիբտերը, պարզաբանելով, որ բոնուսային մեկ միավորը հավասար է մեկ դրամի։
 
Ավելին, ըստ նրա, 6 ամիս Orange-ի ծառայություններից օգտվելուց հետո բոլոր կանխավճարային սակագնային պլանների բաժանորդները միանվագ կստանան 100 միավոր, իսկ այնուհետ յուրաքանչյուր 3 ամիսը մեկ՝ ևս 100 միավոր:

«Բաժանորդները միավորներ կստանան յուրաքանչյուր ամսվա սկզբին` նախորդ եռամսյակի արդյունքներով։ Դրա համար բաժանորդները պարզապես պետք է նախորդ երեք ամիսների ընթացքում ակտիվորեն սպառած լինեն առնվազն 1500 դրամ: Որպես ծրագրի մեկնարկ՝ Orange-ի բոլոր ներկա կանխավճարային բաժանորդները, ում բաժանորդագրության առնվազն վեց ամիսը կլրանա մարտի վերջին, այս ապրիլի 2-ին կստանան առաջին 100 միավորը»,– ավելացրեց նա։

Ընկերության գլխավոր տնօրենը հայտնեց, որ այս միավորները կարելի է օգտագործել՝ ձեռք բերելու համար անվճար րոպեներ ու SMS-ներ ցանցի ներսում և ցանցից դուրս կամ անվճար մեգաբայթեր:

Ինչ վերաբերում է ընկերության հետվճարային բաժանորդներին, ապա «Դելֆին», «Պանտերա», «Թիթեռ» և «Առյուծ» ամսական բաժանորդագրությունների բաժանորդները կստանան Orange Merci միավորներ իրենց ամսավճարից ավել օգտագործված գումարի 5%-ի չափով: Այս բաժանորդները մարտի 7-ին կստանան Orange Merci 200 միավոր, որով ընկերությունը կողջունի վերջիններիս մուտքը նոր ծրագիր:

«Orange Merci ծրագիրն արտահայտում է մեր ցանկությունը՝ մեր բաժանորդներին շրջապատել ուշադրությամբ և հոգատարությամբ: Նշեմ, որ այս  ծրագիրը միակն է Հայաստանի հեռահաղորդակցության շուկայում, որը թույլ է տալիս միավորների դիմաց ձեռք բերել անվճար րոպեներ այլ օպերատորների բաժանորդներին զանգահարելու համար»,– նշեց Ժելիբտերը։

Ֆրանս Տելեկոմ Խմբի անդամ Օրանժ Արմենիան Հայաստանում շարժական հեռախոսակապի և ինտերնետի ծառայություններ է մատուցում 2009թ. նոյեմբերի 5-ից: Ընկերությունը Հայաստանում մինչ օրս կատարել է մոտ 250 միլիոն եվրոյի ներդրումներ , ներառյալ` լիցենզիայի ձեռքբերման համար) և արդեն ապահովում է բջջային կապի ու լայնաշերտ շարժական ինտերնետի հասանելիություն Հայաստանի 600 քաղաքներում և գյուղերում` բնակչության ավելի քան 95% տոկոսին: -0-