USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. հունիսի 5, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+25

Փոքր ֆոտոխցիկներն այլևս մեծ ճանաչում չունեն Ռուսաստանում

15.08.2013, 16:31
Տարաբնույթ թվային և կենցաղային տեխնիկայի վաճառքները Ռուսաստանում աճում են, իսկ լուսանկարչական ապարատների վաճառքները` նվազում, հայտնում է «Կոմերսանտը»։
Փոքր ֆոտոխցիկներն այլևս մեծ ճանաչում չունեն Ռուսաստանում
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Տարաբնույթ թվային և կենցաղային տեխնիկայի վաճառքները Ռուսաստանում աճում են, իսկ լուսանկարչական ապարատների վաճառքները` նվազում, հայտնում է «Կոմերսանտը»։

«Լուսանկարչություն» կատեգորիայում վաճառքը կրճատվել է 2013 թվականի առաջին եռամսյակում, երկրորդ եռամսյակի արդյունքների համաձայն` բացասական միտումն ուժեղացել է` տարեկան կտրվածքով վաճառքը նվազել է միանգամից 15.4 տոկոսով, ասում է  GfK Rus–ի փորձագետ Նատալյա Մորժովան։

Ռուսական շուկայում ֆոտոապարատների շրջանառության մեծ մասն ապահովում են ամենաէժան խցիկները։ Սակայն հենց դրանք էլ ռուսները վերջին ժամանակներում սկսել են շատ քիչ գնել, գրում է rbc.ru–ն։

«Շուկայի անկումը բացատրվում է նրանով, որ սպառողները շեղվել են դեպի սմարթֆոնների շուկա, քանի որ այսօր սմարթֆոնների մեծ մասն ունի տեսախցիկներ, որոնք կարող են որակյալ լուսանկարներ հանել, և ավելի պրոֆեսիոնալ մոդելների աճող պահանջարկով»,– «Կոմերսանտին» պարզաբանել է «Եվրոսետ»–ի կոմերցիոն փոխտնօրեն Վիկտոր Լուկանինը։

«Եվրոսետ»–ի տվյալներով, քանակական առումով ֆոտոապարատների վաճառքները Ռուսաստանում նվազել են 16 տոկոսով, դրամականով` 12 տոկոսով։ Առաջին կիսամյակի արդյունքներով, շուկայում վաճառքի գծով առաջատար էր Nikon–ը (32%, աճը 8 տ.կ.` 2012 թ.–ի առաջին կիսամյակի նկատմամբ), այնուհետև` Canon–ը (25%, նվազումը 1 տ.կ.` նախորդ տարվա նկատմամբ); այնուհետև` Sony–ն (17%, աճը 2 տ.կ.); Samsung–ը` (9%, նվազումը 1 տ.կ.) և Panasonic–ը (5%, անկումը` 3 տ.կ.). Մնացած ապրանքանիշները զբաղեցնում են միայն 12%–ը, ինչը 5 տոկոսով ցածր է 2012 թվականի ցուցանիշից։

Կոմպակտ խցիկների պահանջարկի կրճատում է նկատել նաև Nikon ընկերության ներկայացուցիչ Անդրեյ Չեբանը։ «Էժան ապարատների սեգմենտը մահանում է, իսկ թանկ կոմպակտ ապարատների մասում ճահճացում է։ Հայելապատ խցիկների վաճառքներն աճում են, թեև ավելի դանդաղ, քան նախկինում։ Դրանով մտահոգված են ինչպես մեր ընկերությունում, այնպես էլ մրցակից ընկերություններում, բայց թե ինչ կլինի հետագայում, ոչ ոք ասել չի կարող»,– ասում է նա։

Սակայն փորձագետները չեն շտապում էժան սարքերը վերջնականապես վերացնել։ Մորժովայի խոսքով`, վաղ թե ուշ սպառողները, ովքեր փորձել են նկարել սմարթֆոնով, ավելին են ցանկանալու և կրկին վերադառնալու են թվային ֆոտոխցիկներին։ «Նույնիսկ 12–մեգապիքսելանոց խցիկով սմարթֆոնը չի տալիս նկարների այն որակը, որ տալիս են կոմպակտ խցիկները»,– նշում է Gfk Rus–ի փորձագետը։

Սարքերի ճանաչումը վերադարձնելու համար արտադրողներն աշխատում են դրանց հնարավորությունների ընդլայնման ուղղությամբ։ Հիմա դրանք զինվում են տեղանքը ֆիքսելու և Wi-Fi-մոդուլներով, շուտով խցիկները կկարողանան լուսանկարները փոխանցել սոցցանցեր, ինչը, անկասկած, դուր կգա ակտիվ օգտագործողներին։ -0-