«PAROONAK» հեռախոսազանգերն արդեն հասանելի են Apple-ի iTunes–ում և Google-ի Play Store-ում
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի. /ԱՌԿԱ/. Technology and Science Dynamics ընկերությունը, որը հայ սպառողին հայտնի է նաև «ԱրմԹաբ» և «ԱրմՖոն» ապրանքանիշերով, տարեսկզբին սպառողներին ներկայացրեց «PAROONAK» նոր նախագիծը, որը հայկական զանգերը, պաստառները, խաղերն ու հավելվածեները համախմբող հարթակ է, նշում են ընկերության մամուլի ծառայությունից։
Այս պահին «PAROONAK»-ում ներկայացված են հայկական անվանի կոմպոզիտորների և երգահանների գործերի հիման վրա մշակված և թվայնացված հեռախոսազանգերը։
«Արդեն իսկ ներկայացվել են Կոմիտասի, Սայաթ-Նովայի, Նիկողայոս Տիգրանյանի, Ստեփան Էլմասի մի շարք ստեղծագործություններ, որոնք հնարավոր է ներբեռնել Apple-ի iTunes խանութից և Google-ի Play Store-ից։ Ընկերությունը շարունակում է ընդլայնել իր համագործակցության շրջանակն ու անդրադառնալ ինչպես մեր դասականներին, այնպես էլ ժամանակակից անվանի հայ կոմպոզիտորներին», նշվում է հաղորդագրության մեջ։
Ընկերությունից նաև հայտնեցին, որ ապրիլի 24-ին ընդառաջ, «Թի-Էս-Դի» ընկերությունն արդեն իսկ սկսել է համագործակցել երգահան Արա Գևորգյանի հետ, իսկ հետագայում այլ ծրագրերի շրջանակում կանդրադառնա նաև Արամ Խաչատրյանի, Արտեմի Այվազյանի, Առնո Բաբաջանյանի, Կոնստանտին Օրբելյանի, Տիգրան Մանսուրյանի և այլոց ստեղծագործություններին։
«Հազարամյակների պատմություն ունեցող հայ մշակույթի զարգացման ճանապարհին այսօր նորարարությունների անհրաժեշտություն կա, որտեղ իրենց ուրույն դերակատարությունը կարող են ունենալ թվային տեխնոլոգիները։ Վերջին տարիներին մշակվել են բազմաթիվ ծրագրային հավելվածներ, կայքեր, խաղեր, անիմացիոն նյութեր, որտեղ ներկայացվել են հայկական մշակույթի տարբեր տարրերը։ Հավելենք, որ այսօր թվային երաժտության արտադրությունն աշխարհում բավականին զարգացած է։ Ցավոք, Հայաստանում դեռևս այս ոլորտի առաջխաղացում չի գրանցվել, ինչը պայմանավորված է մի շարք գործոններով։ Ուստի, «PAROONAK»-ի նման նախագծերը ողջունելի և գովելի են և խթանում են ոլորտի զարգացումը», նշվում է հաղորդագրության մեջ։
ArmTab և սմարթֆոն արտադրող հայկական ArmPhone Technology and Science Dynamics Inc. ընկերությունը հիմնադրվել է 2013 թվականի հոկտեմբերի 11-ին և զբաղվում է հայկական առաջին դյուրակիր համակարգիչների՝ պլանշետների արտադրությամբ: Արտադրության շրջանակում արդեն կան ա Android համակարգով փորձնական հավաքված պլանշետ (Armtab) և առաջին հայկական հեռախոս (Armphone): Պլանշետի ծրագրային և սարքային ապահովման դիզայնն իրականացվում է Հայաստանում, իսկ հավաքումը` ԱՄՆ-ում և Հոնկոնգում: –0–