«Պահենք երեխաներին ընտանիքում» ծրագրի շրջանակում ևս մեկ ընտանիք կայուն եկամտի հնարավորություն ստացավ
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Պահենք երեխաներին ընտանիքում» բարեգործական նախագծի շնորհիվ Ucom-ի բաժանորդներն այս ամիս ևս աջակցեցին մեկ ընտանիքի` կայուն եկամտի աղբյուր ստեղծելու գործում, հայտնում է Ucom–ի մամուլի ծառայությունը։
Ծրագիրն իրականացվում է Ucom Հիմնադրամի և Վորլդ Վիժն Հայաստանի համատեղ ջանքերով։
Այս անգամ աջակցությունը տրամադրվել է Գեղարքունիքի մարզի գյուղական համայնքներից մեկում բնակվող չորս զավակների մայր՝ տիկին Էլմիրայի ընտանիքին: Ընտանեկան խնդիրների պատճառով մայրը միայնակ է հոգում իր չորս զավակների կարիքները։
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, համայնքից մեկուսացած այս ընտանիքն ապրում է ծայրահեղ ծանր սոցիալ-տնտեսական պայմաններում՝ ապաստանել են համայնքի լքված մեկ-սենյականոց հողակերտ տներից մեկում, որի առանց այդ էլ խարխուլ տանիքը քամուց ավելի է վնասվել՝ ներս թողնելով անձրևաջուրը, և վթարային լինելու պատճառով վտանգավոր է դարձել բնակության համար։
Մայրը գումար աշխատելու համար երբեմն գնում է կարտոֆիլի դաշտեր աշխատելու, իսկ ընտանիքի միակ կանոնավոր եկամուտը 49 000 դրամ կազմող ընտանեկան նպաստն է, որով անհնար է հոգալ չորս երեխաների ամենաառաջնային կարիքներն անգամ։
«Պահենք երեխաներին ընտանիքում» ծրագրի շրջանակներում, հաշվի առնելով անասնապահության և հողագործության դերն ընտանիքի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման գործում, Ucom Հիմնադամի կողմից տիկին Էլմիրային տրամադրվել է 50 հավ, կարտոֆիլի սերմնացու, լվացքի մեքենա, մահճակալներ, անկողնային պարագաներ, խոհանոցային պարագաներ, պահարան, տաք հագուստ։
Բացի այդ, Վորլդ Վիժն Վարդենիս տարածքային ծրագրի կողմից ընտանիքին տրամադրվել է տնակ-վագոն։ Այս ամենը կօգնի սննդի հարցը որոշակի չափով լուծելու, ինչպես նաև՝ եկամուտ ապահովելու գործում:
Տիկին Էլմիրան վստահ է, որ այժմ արդեն կկարողանա ապահովել իր զավակների առաջնային կարիքները և երեխաներին պահել տանը՝ մայրական հոգածության ներքո:
«Ucom Հիմնադրամն ամեն ամիս կրկնապատկում է Ucom ընկերության բաժանորդների հանգանակած գումարը, ինչի շնորհիվ էլ հնարավոր է դառնում այս ծրագիրն իրականացնել մեր գործընկեր՝ Վորլդ Վիժնի օգնությամբ։ Նրանք են գտնում և աշխատում ծայրահեղ աղքատության մեջ հայտնված խիստ խոցելի ընտանիքների հետ, և մեր բաժանորդների շնորհիվ այս ընտանիքներն ստանում են առաջնային կարիքները հոգալու մինիմալ հնարավորություններ», - ասել է Ucom Հիմնադրամի գլխավոր տնօրեն Աշոտ Բարսեղյանը։
«Ucom Հիմնադրամի հետ միասին իրականացնում ենք մի այնպիսի ծրագիր, որը թույլ է տալիս ծայրահեղ աղքատության մեջ հայտնված ընտանիքների համար ստեղծել նվազագույն կարիքներն ապահովող պայմաններ և կայուն եկամտի հնարավորություն, որը թույլ է տալիս այդպիսի ընտանիքներին իրենց երեխաներին չուղարկել, կամ հետ վերադարձնել գիշերօթիկ հաստատություններից», - ասել է Վորլդ Վիժն Հայաստանի մարկետինգի բաժնի ղեկավար Արտակ Օրդյանը։
Ucom Հիմնադրամի և Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպության «Պահենք երեխաներին ընտանիքում» համատեղ ծրագիրը Ucom-ի բաժանորդներին հնարավորություն է տալիս յուրաքանչյուր ամիս նվիրաբերել 200 կամ 500 դրամ՝ SMS ուղարկելով 1234 կամ 5678 կարճ համարներին:
Ամսվա վերջում Ucom Հիմնադրամը կրկնապատկում է ամսվա ընթացքում հավաքագրված գումարը և ուղղում այն ծրագրի իրականացմանը:
Ծրագրի շրջանակներում սոցիալապես անապահով ընտանիքներն ստանում են միջոցներ և սարքավորումներ, որոնք իրենց եկամտի կայուն աղբյուր ապահովելու և երեխաներին ընտանիքում մեծացնելու հնարավորություն են ընձեռում:
Ucom (Universal Communications) ընկերությունը հիմնադրվել է 2007 թ.–ին և զբաղվում է հեռահաղորդակցական ծառայությունների տրամադրմամբ։ Ericsson–ի աջակցությամբ ընկերությունը ստեղծել է լայնաշերտ հասանելիության ցանց` տրամադրելով ինտերնետային, IP հեռուստատեսության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ։ 2015 թ.–ի սեպտեմբերին Ucom–ը ձեռք բերեց Orange Armenia ընկերության (ապրանքանիշը` Orange, France Telecom–ի նախկին դուստրը) բաժնետոմսերի 100 տոկոսը, որը հայկական շուկայում գործում էր 2009 թ.–ի նոյեմբերի 5–ից։ Ընկերությունն արդեն հայտարարել է միաձուլման մասին և իրականացրել է վերաբրենդավորում։ -0-