Orange Armenia–ի բաժանորդները կկարողանան զանգել և զանգեր ստանալ Ղարաբաղից 45 դրամ/րոպե սակագնով
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի. /ԱՌԿԱ/. Այժմ Արցախ այցելելիս Օrange Armenia-ի բաժանորդները կարող են զանգել Հայաստանի և տեղական ցանցեր ընդամենը 45 դրամ/րոպե սակագնով՝ առանց որևէ ակտիվացման վճարի, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ նույն սակագինը գործում է նաև մուտքային բոլոր զանգերի համար:
«Մեկնարկելով այս նոր պայմաններն Արցախում՝ նպատակ ունենք մեր ծառայությունները դարձնել առավել հարմար և մատչելի ինչպես այն բաժանորդների համար, ովքեր հաճախակի գործնական այցեր են կատարում Արցախ, այնպես էլ նրանց համար, ովքեր մեկնում են արձակուրդի: Ուրախ ենք Ղարաբաղ Տելեկոմի հետ ձեռք բերված համաձայնության համար, որի շնորհիվ Արցախը համալրեց մեր բաժանորդների կողմից կարևորվող երկրների ընդարձակ ցանկը՝ ներառյալ Եվրոպական երկրները, Ռուսաստանը, Վրաստանը, ԱՄՆ և շատ ուրիշներ, որտեղ Orange Armenia–ն հնարավորություն է տալիս հարմար և մատչելի պայմաններով օգտվել ռոմինգից», – նշել է ընկերության գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը։
Orange Armenia–ն France Telecom (ապրանքանիշը` Orange) ընկերության 100 տոկոսանոց դուստր ընկերությունն է, որը հայկական շուկա է մտել 2009թ.–ի նոյեմբերի 5–ին։ Այն ապահովում է ցանցի 83 տոկոսանոց ծածկույթ և բջջային ցանցի և ինտերնետ հասանելիություն հանրապետության 600 համայնքներում (քաղաքներում և գյուղերում) ($1 - 479,05 դրամ)։
«Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ–ն 2002 թ.–ի փետրվարից գործում է ԼՂՀ–ի հեռահաղորդակցությունների շուկայում` բջջային կապով ապահովելով հանրապետության տարածքի 95 տոկոսը։ «Ղարաբաղ Տելեկոմը» տրամադրում է բջջային կապ, անլար և ֆիքսված հեռախոսակապ, ինտերնետ ծառայություններ ADSL–ի միջոցով, օպտիկամանրաթելային կապ և անլար ինտերնետ ծառայություններ (Wi-Fi), ինչպես նաև շարժական ինտերնետի ծառայություններ 3G տեխնոլոգիաների միջոցով։–0–