Orange Armenia-ն ավելի քան 6 մլն դրամ է ուղղել ՀՀ Գեղարքունիքի մարզի համայնքային զարգացման ծրագրերին
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Orange Armenia բջջային օպերատորն ավելի քան 6 մլն դրամ է ուղղել ՀՀ Գեղարքունիքի մարզի համայնքային զարգացման երկու ծրագրերին, հայտնում են ընկերության մամուլի ծառայությունից:
«Շեն» բարեգործական կազմակերպության հետ համատեղ ՀՀ Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկում մանկապարտեզ է կառուցվել, որի նպատակով ընկերությունը 3,8 մլն դրամ է հատկացրել: Նոր մանկապարտեզը կարող է ընդունել մինչև 65 երեխա:
Երկրորդ նախաձեռնությունն իրականացվել է 2800 բնակիչ ունեցող և Ադրբեջանի սահմանից ոչ հեռու գտնվող Մեծ Մասրիկ գյուղում, որտեղ ստեղծվել է Orange-ի լայնաշերտ ինտերնետով զինված համակարգչային կենտրոն:
«Մենք գիտենք, որ հեռավոր գյուղերը սովորաբար ավելի շատ ուշադրության և հոգատարության կարիք ունեն: Գիտենք նաև, թե որքան կարևոր է այնպես անել, որ այստեղ ապրող մարդիկ չլքեն իրենց գյուղերը: Հուսով ենք, որ, սոցիալական կյանքի կազմակերպման համար հարմարավետ պայմաններ ստեղծելով և ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով հեռավոր համայնքներն արտաքին աշխարհի հետ կապելով, օգնում ենք տեղի բնակիչներին», - ասել է Orange Արմենիա ընկերության գլխավոր տնօրեն և Orange Արմենիա Հիմնադրամի խորհրդի նախագահ Ֆրանսիս Ժելիբտերը:
Ֆրանս Տելեկոմ Խմբի անդամ Օրանժ Արմենիան Հայաստանում շարժական հեռախոսակապի և ինտերնետի ծառայություններ է մատուցում 2009թ. նոյեմբերի 5-ից: Ընկերությունը Հայաստանում մինչ օրս կատարել է մոտ 250 միլիոն եվրոյի ներդրումներ , ներառյալ` լիցենզիայի ձեռքբերման համար) և արդեն ապահովում է բջջային կապի ու լայնաշերտ շարժական ինտերնետի հասանելիությունը Հայաստանի 600 քաղաքներում և գյուղերում` բնակչության ավելի քան 95% տոկոսին: --0—