Orange Armenia–ն քննարկում է հին iPhone –ները նորով փոխարինելու ծրագրին մասնակցելու հնարավորությունը
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Orange Armenia բջջային օպերատորը քննարկում է հին iPhone –ները նորով փոխարինելու ծրագրին մասնակցելու հնարավորությունը, ուրբաթ լրագրողներին տեղեկացրել է Orange Armenia–ի վաճառքի գծով տնօրեն Արսեն Հովհաննիսյանը։
Օգոստոսի 30–ին Apple Store խանութներում գործարկվել է հին iPhone–ների փոխարինման և վերամշակման ակցիան։ Այս ծրագրով այն մարդիկ, ովքեր ցանկանում են ձեռք բերել iPhone–ի նոր տարբերակը, կարող են զեղչ ստանալ, եթե Apple–ին վերադարձնեն iPhone–ի իրենց հին մոդելը։ iPhone–ից օգտվողը կարող է իր հին հեռախոսը բերել Apple Store, որտեղ խորհրդատուն կուսումնասիրի սարքն ու կորոշի, թե, արդյո՞ք այն ենթակա է փոխարինման։ Հին iPhone–ի գինը չի կարող գերազանցել 280 դոլարը։
«Orange–ի խմբում հին iPhone–ները նորով փոխարինելու ծրագրով աշխատելու փորձ կա, և մենք քննարկում ենք այդ ծրագրի տարածման հնարավորությունը Հայաստանում», – ասել է Հովհաննիսյանը։
Նա նաև նշել է, որ ընկերությունն արդեն հավատարիմ հաճախորդներ ունի, ովքեր պարտադիր ձեռք են բերում Apple–ի բոլոր նորույթները։
Հայաստանում App store օն–լայն խանութը հասանելի է 2010 թ.–ից։
Orange Armenia ընկերությունը, որը Հայաստանում Apple–ի պաշտոնական գործընկերն է, նոյեմբերի 1–ից պաշտոնական վաճառքի է հանել iPhone 5S–ն ու iPhone 5C–ն։
Նման կերպով հավաքված հին iPhone–ները կվերամշակվեն Apple–ի կողմից Միացյալ Նահանգներում։ Ծրագրին կարող են մասնակցել iPhone 3G, iPhone 3GS, iPhone 4, iPhone 4S և iPhone 5 մոդելները, որը սկզբից վաճառքի էր հանվել միայն ԱՄՆ–ում և Մեծ Բրիտանիայում։
Չհաստատված տեղեկատվության համաձայն` առաջիկայում ծրագիրը կսկսի գործել նաև Գերմանիայում և Եվրոպայի մյուս երկրների Apple Store ֆիրմային խանութներում։
Հին iPhone–ը նորով փոխարինելու նմանատիպ ծրագրեր են արդեն գործում ամերիկյան և եվրոպական ռիթեյլերների և Best Buy, Verizon Wireless և AT&T բջջային օպերատորների մոտ։
Orange Armenia–ն France Telecom (ապրանքանիշը` Orange) ընկերության 100 տոկոսանոց դուստր ընկերությունն է, որը հայկական շուկա է մտել 2009թ.–ի նոյեմբերի 5–ին։ Այն ապահովում է ցանցի 83 տոկոսանոց ծածկույթ և բջջային ցանցի և ինտերնետ հասանելիություն հանրապետության 500 համայնքներում (քաղաքներում և գյուղերում)։–0–