Orange Հիմնադրամն Արագածոտնի մարզում կազմակերպել է անվճար ակնաբուժական ծառայություններ
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/.Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) և Orange Հիմնադրամի «Լույս հայի աչքերին» համատեղ ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 19-ից Աչքի շարժական հիվանդանոցն (ԱՇՀ) Արագածոտնի մարզում իրականացնում է անվճար ակնային զննումներ բոլոր բնակիչների և անվճար բուժումներ ու վիրահատություններ սոցիալապես անապահով անձանց համար, հաղորդեցին ընկերության մամուլի ծառայությունից։
«Ակնկալվում է, որ Արագածոտնի մարզում ակնային ստուգումներ կանցնեն 1500 մեծահասակներ և նույնքան աշակերտներ, իսկ աչքի շարժական հիվանդանոցը պատրաստ է ընդունել 180 հիվանդի՝ վիրահատության կամ լազերային բուժման համար։Արագածոտնում աչքի շարժական հիվանդանոցի առաջին կանգառը Թալին քաղաքն է, որտեղ ծրագրի շրջանակներում աչքի անվճար վիրահատություններին եւ լազերային բուժումներին զուգահեռ կազմակերպվում են նաեւ հանրակրթական դպրոցների երեխաների ակնային ստուգումներ»,-ասբած է հաղորդագրությունում։
Orange Հիմնադրամի և Հայկական ակնաբուժության նախագծի ղեկավարները հոկտեմբերի 20-ին այցելել են Թալին՝ ծանոթանալու Աչքի շարժական հիվանդանոցի ընթացիկ աշխատանքներին:
««Լույս հայի աչքերին» ծրագիրն Orange հիմնադրամի կարևորագույն նախաձեռնություններից է, հատկապես այն պատճառով, որ մարզային բնակիչների համար հասանելի է դարձնում որակյալ ակնային ծառայությունները եւ շոշափելի կերպով բարելավում նրանց կյանքը: Հպարտ ենք Հայկական ակնաբուժության նախագծի հետ երկարամյա համագործակցությամբ և ամեն տարի գրանցվող նշանակալի արդյունքներով» - ասել է Orange Արմենիայի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Եսայանը:
«Արագածոտնի մարզ շրջայցով ամփոփվում են Հայկական ակնաբուժության նախագծի և Orange հիմնադրամի այս տարվա համատեղ աշխատանքները։ Հայաստանի մարզային բնակչության համար խիստ կարեւոր այս ծրագիրը ռազմավարական է այն իմաստով, որ համապարփակ աշխատանք է իրականացնում՝ ստուգումներից մինչեւ բուժում, հանրային եւ մասնագիտական կրթություն։ Մեր համագործակցությունը սկսվել է 2011թ.-ից, եւ հույս ունեմ՝ կշարունակվի, քանզի այն նպաստում է մարզերում ակնային խնդիրների լուծմանը», - նշել է Հայկական ակնաբուժության նախագծի հայաստանյան գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանը:
Աչքի շարժական հիվանդանոցը Թալինում կմնա մինչեւ հոկտեմբերի 24-ը, այնուհետև կուղեւորվի Ապարան եւ Աշտարակ, որտեղ նույնպես անվճար վիրահատություններ եւ լազերային բուժումներ կիրականացվեն:
Հայկական ակնաբուժության նախագիծը 2003թ.-ից սկսած իրականացնում է «Լույս հայի աչքերին» ծրագիրը։ Orange հիմնադրամի հետ այն անցկացվում է 2011թ.-ից, որի շրջանակներում ակնային զննում է անցել ավելի քան 60.000 մեծահասակ եւ 23.000 երեխա, շարժական հիվանդանոցում խորացված ստուգումներ է անցել 10.759 բնակիչ, իրականացվել է 6.680 վիրահատություն եւ լազերային բուժում, տրամադրվել է 25.000 ակնոց, 61 մարզային դպրոցի 5.500 աշակերտի համար կազմակերպվել են ակնային խնամքի հանրակրթական դասընթացներ:
Նախկինում Ֆրանս Տելեկոմ Խմբի անդամ Օրանժ Արմենիան Հայաստանում շարժական հեռախոսակապի և ինտերնետի ծառայություններ է մատուցում 2009թ. նոյեմբերի 5-ից: Ընկերությունը Հայաստանում մինչ օրս կատարել է մոտ 250 միլիոն եվրոյի ներդրումներ (ներառյալ` լիցենզիայի ձեռքբերման համար) և արդեն ապահովում է բջջային կապի ու լայնաշերտ շարժական ինտերնետի հասանելիությունը Հայաստանի 600 քաղաքներում և գյուղերում` բնակչության ավելի քան 95% տոկոսին:
«Ucom» (Universal Communications, ունիվերսալ կապ) ընկերությունը հիմնադրվել է 2007 թվականին և զբաղվում է հեռահաղորդակցային ծառայությունների մատուցմամբ։ Ericsson–ի օժանդակությամբ, ընկերությունը ստեղծել է լայնաշերտ հասանելիության ցանց` մատուցելով ինտերնետ, IP-հեռուստատեսության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ: Ericsson-ի հետ համատեղ ընկերությունը ստեղծել է լայնաշերտ հասանելիության ցանց՝ տրամադրելով ինտերնետի, IP-հեռուստատեսության և հեռախոսային ծառայություններ:-0-