Orange հիմնադրամը Սյունիքի մարզի գյուղերում կահավորել է 2 համակարգչային սրահ և մանկապարտեզ
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի. /ԱՌԿԱ/. Orange հիմնադրամը Սյունիքի մարզի Բնունիս, Ույծ և Աշոտավան գյուղերում կահավորել է 2 համակարգչային սրահ և մանկապարտեզ, հաղորդում է Orange Արմենիա ընկերության մամուլի ծառայությունը։
Միջոցառումն իրականացվել է Orange հիմնադրամի կողմից Հայաստանի մարզերին տրամադրվող օգնության շրջանակում։
Նորաբաց համակարգչային սրահները համալրվել են մինչև 21,6 Մբ/վ ներբեռնման արագություն ապահովող Orange-ի MyBox 3G երթուղիչով, ինչպես նաև համակարգիչներով և կահույքով։
Ավելին, այս համակարգչային սրահների բոլոր այցելուների համար նախատեսվում է կազմակերպել համակարգչային հատուկ դասընթացներ՝ նպատակ ունենալով խթանել ինտերնետի միջոցով հասանելի կրթական ծրագրերի օգտագործումն ու ինտերնետ ծառայությունները առավել հասանելի դարձնել գյուղաբնակներին:
Ինչպես նշեց Orange հիմնադրամի խորհրդի նախագահ Ֆրանսիս Ժելիբտերը, Orange հիմնադրամի գործունեության հիմնական նպատակներից մեկն է աջակցել Հայաստանի գյուղական համայնքների ներգրավվածությանը թվային միջավայր:
«Orange-ն առաջին օպերատորն էր, որ ծածկույթ ապահովեց և հեռահաղորդակցության ծառայությունները հասանելի դարձրեց մի շարք գյուղերում՝ այդ թվում Բնունիսում: Մենք շարունակում ենք աշխատել այս ուղղությամբ` հեռահաղորդակցության որակյալ ծառայությունները հասանելի դարձնելով թե՛ Հայաստանի քաղաքներում, թե՛ գյուղերում», – ասել է նա։
Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակներում Orange հիմնադրամի ներկայացուցիչներն այցելեցին նաև Աշոտավան գյուղ, որտեղ «Շեն» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ կահավորվել է տեղի մանկապարտեզը։ Նոր վերանորոգված և կահավորված այս մանկապարտեզն այժմ թույլ կտա ոչ միայն պատշաճ մակարդակով կազմակերպել ավելի քան 30 երեխաների նախադպրոցական կրթությունը, այլ նաև հնարավորություն կընձեռի նրանց մայրերին ազատ տնօրինել իրենց ժամանակը, մասնավորապես հնարավորություն կտա նրանց աշխատել՝ այսպիսով նպաստելով իրենց ընտանիքների եկամուտների ավելացմանը՝ մինչ երեխաները մանկապարտեզում են:
Orange հիմնադրամի հիմնական առաքելությունն է աջակցել հասարակության խոցելի շերտերին` նրանց տրամադրելով շփման հնարավորություն, ինչպես նաև աջակցել գյուղական համայնքների կայուն զարգացման նպատակով։ Հիմնադրամն աջակցում է բարեգործական ծրագրերի իրականացման գործում երեք հիմնական ուղղություններով` կրթություն, առողջապահություն և համայնքների զարգացում։
Orange Armenia–ն France Telecom (ապրանքանիշը` Orange) ընկերության 100 տոկոսանոց դուստր ընկերությունն է, որը հայկական շուկա է մտել 2009թ.–ի նոյեմբերի 5–ին։ Այն ապահովում է ցանցի 83 տոկոսանոց ծածկույթ և բջջային ցանցի և ինտերնետ հասանելիություն հանրապետության 600 համայնքներում (քաղաքներում և գյուղերում)։–0–