MS ինովացիոն կենտրոնի աքսելերացիոն ծրագրի մասնակիցները կներկայացնեն իրենց պրոդուկտները
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի. /ԱՌԿԱ/. Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի աքսելերացիոն ծրագրի մասնակից թիմերը կներկայացնեն իրենց նորարար պրոդուկտներն ամփոփիչ միջոցառման ընթացքում, որը կանցկացվի «Այբ» դպրոցում փետրվարի 21-ին ժամը 11։00-ին, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
Ինչպես նշվում է հաղորդման մեջ, փետրվարի 21-ին Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը «Դեմո օր» միջոցառմամբ կամփոփի ստարտափերի համար նախատեսված նորարար լուծումներ առաջարկող իր աքսելերացիոն ծրագիրը։
Աքսերելացիոն ծրագրի մասնակից 12 ստարտափ թիմերը հնարավորություն կունենան իրենց վերջնական արտադրանքը ներկայացնել ՏՏ ոլորտի միջազգային մասնագետների, հավանական ներդրողների և ձեռներեցների դատին։
Նոյեմբեր ամսին մեկնարկած Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի աքսելերացիայի ծրագրին մասնակցող թիմերը, համագործակցելով փորձառու մենթորների և խորհրդատուների հետ և ունենալով գլոբալ տեխնիկական և բիզնես ռեսուրսների հասանելիություն, հնարավորություն են ունենում արագ ձեռք բերել այն հմտությունները և կապերը, որոնք անհրաժեշտ են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հաջողություն գրանցելու համար։
«Ծրագրին մասնակցելու համար դիմել էին շուրջ 50 ստարտափ, որից լավագույներն են ընտրվել ծրագրին մասնակցելու համար: Համաշխարհային տենդենցներին համահունչ Հայաստանում նույնպես թիմերը հիմնականում գլոբալ խնդիրներին ուղղված լուծումներ են առաջարկում, որոնք անդրադառնում են բազմաթիվ ոլորտների, ինչպիսիք են՝ shared economy, տարբեր բիզնես լուծումներ ձեռնարկությունների համար, տեսանյութերի պատրաստում, սոցիալական խնդիրներ և այլն», - ասել է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանի տնօրեն Արտաշես Վարդանյանը:
Ըստ հաղորդագրության, մասնակից թիմերից շատերը այս մի քանի ամիսների ընթացքում հսկայական մեծ աշխատանք են տարել և ներկայանում են շուկայական տեսանկյունից նորույթ հանդիսացող արտադրանքներով, որոնցով արդեն իսկ հետաքրքրված են որոշ ներդրողներ և միջազգային ճանաչում ունեցող աքսելերատորներ:
Մասնագիտական և խորհրդատվական աջակցություն ստանալուց բացի մասնակիցներն օգտվել են նաև Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի աշխատանքային տարածքից և ենթակառուցվածքային այլ ռեսուրսներից, մասնակցել կենտրոնի կազմակերպած միջոցառումներին և դասընթացներին։ -0-