USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+1

Հայաստանում Mobile App Expo 2014 բջջային հավելվածների առաջին ցուցահանդեսը կկայանա մայիսի 30–ին

20.05.2014, 14:11
Mobile App Expo 2014 բջջային հավելվածների առաջին ցուցահանդեսը կկայանա մայիսի 30–31–ին Երևանի Սիրահարների այգում, «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում երեքշաբթի հայտնեց mLab ECA բջջային հավելվածների տարածաշրջանային լաբորատորիայի տնօրեն Մարիամ Դավթյանը։
Հայաստանում Mobile App Expo 2014 բջջային հավելվածների առաջին ցուցահանդեսը կկայանա մայիսի 30–ին
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի. /ԱՌԿԱ/.  Mobile App Expo 2014 բջջային հավելվածների առաջին ցուցահանդեսը կկայանա մայիսի 30–31–ին Երևանի Սիրահարների այգում, «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում երեքշաբթի հայտնեց mLab ECA բջջային հավելվածների տարածաշրջանային լաբորատորիայի տնօրեն Մարիամ Դավթյանը։

Ըստ նրա, ցուցահանդեսին շուրջ 50 ընկերություններ կներկայանան «խելացի հեռախոսների և սարքերի» համար իրենց մշակած խաղերով, գործարար, կրթական, ժամանցային և սոցիալական ծրագրերով:

Ցուցահանդեսին կներկայացվեն զանազան հավելվածներ, որոնց թվում` գրքեր հեռախոսում, ինտերակտիվ այբբենարան, նկարների ձևափոխում և կոլաժների պատրաստում մի քանի հպումով, տարադրամի լավագույն արժույթը բանկերում, կրթական և արկածային խաղեր։

«Այցելուները տաղավարներում կարող են փորձարկել և ծանոթանալ ոչ միայն հայաստանյան օգտագործողի համար մշակված հավելվածների հետ, այլև ամբողջ աշխարհում միլիոնավոր օգտագործողներ ունեցող «տեղական արտադրության» մոբայլ ծրագրերի հետ»,– ասաց Դավթյանը։

Ցուցահանդեսի շրջանակում կկազմակերպվի նաև մոբայլ հավելվածների աքսելերացիայի ճամբար (Mobile App Acceleration Camp:MAAC). որի ընթացքում տարածաշրջանի սկսնակ ընկերությունները կաշխատեն փորձագետների հետ WindowsPhone հենքով նորարար հավելվածների գաղափարների վրա:  

Լավագույնները  AppCampus ծրագրի կողմից կստանան ֆինանսավորում։ Իսկ
մայիսի 31ին, սկսնակ ընկերությունները հնարավորություն կունենան ներկայացնելու իրենց գաղափարները Imperious Group ռուսական և  Granatus Ventures առաջին հայկական վենչուրային հիմնադրամներին:

Դավթյանի խոսքով, ծրագրվում է նաև մրցանակների խաղարկություն։ Այսպես, խաղային բջջային հավելվածների մրցույթի հաղթողը կստանա Samsung Galaxy S5, իսկ բջջային լավագույն հավելվածի համար ցուցահանդեսի ավարտից հետո կհանձնվի Samsung Galaxy Note Pro։

«Հայաստանում հետաքրքիր և զանազան հավելվածներ են ստեղծվում, որոնք մրցունակ են ամբողջ աշխարհում, և դրանք պետք է զարգացնել»,– ասաց Դավթյանը։
Այցելուների համար մուտքն անվճար կլինի, միաժամանակ նրանց սպասում են տարբեր անակնկալներ և մրցանակներ ցուցահանդեսի խաղային գոտում։

Միջոցառման նպատակը բջջային հավելվածների ոլորտի ներկայացուցիչների, այդ թվում` ծրագրավորողների, մարքեթոլոգների, բջջային օպերատորների, սարքավորումներ արտադրողների, ձեռնարկատերերի, ոլորտի մասնագետների միավորումն է, ինչպես նաև` Հայաստանում, Արևելյան Եվրոպայում, Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում արտադրված բջջային հավելվածները ներկայացնելն է։

Ծրագրվում է, որ միջոցառմանը կմասնակցեն ավելի քան 800 այցելուներ և տեղեկատվական տեխնոլոգիաների ու բջջային հավելվածների ոլորտի մոտ 300 մասնագետներ։

Ցուցահանդեսի շրջանակում կանցկացվեն ինտերակտիվ սեմինարներ, շնորհանդեսներ, խաղարկային մրցույթներ։

Միջոցառման կազմակերպիչներն են «mLab ECA» մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիան, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, Մայքրոսոֆթ Ինովացիոն կենտրոնը և Պողոսյան Պարտեզները, ArmTab–ը: -0-